Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ


Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ
Ապրիլ 18 11:11 2024

Ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կարելի է համարել լիովին կատարված, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Ռոդինա» կուսակցություն):

«Քաղաքացիական բնակչությանը հաջողվել է փրկել, նրանց օգնել են և՛ տարհանման ժամանակ, և՛ բուժում տրամադրելու, և՛ ջրով ու սննդով ապահովելու հարցերում։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ ավարտված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները տուն վերադառնան»,- ասել է Ժուրավլյովը։

Պատգամավորը նշել է, որ խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմեր չկան, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանին։

«Ռուսական զորակազմն անհրաժեշտ էր այն ժամանակ, երբ հակամարտությունը շարունակվում էր: Այն կարևոր դեր է խաղացել, որպեսզի 2023 թվականին այնտեղ լայնածավալ արյունահեղություն տեղի չունենա՝ կանգնելով պատերազմող բանակների միջև: Ավելին, երբեմն դա հաջողվում էր միայն մեր զինվորականների կյանքի գնով՚ հիշում ենք, որ եղել է մի քանի զոհ ու վիրավոր»,- ընդգծել է նա։

Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։

«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների՝ «մեր երկրի տարածքից» (չակերտները՝ Tert.am) վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։