«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը, թերեւս վախենալով Armlur.am-ի բացառիկ տեսանյութի հրապարակումից, որտեղ ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Ա.Ղայթմազյանը ծեծում է անչափահաս տղային, որոշեց վերացնել քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։Դատախազությունը այս քայլով փորձեց արդար ձեւանալ, թե որոշում վերացնելով՝ իր կառույցում առկա վիճակը կարգավորվեց, մինչդեռ անչափահասին ծեծելու գործը փակելու համար առնվազն պետք է համակարգից հեռացվի Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը, քանի որ իր ենթակա դատախազի հետ նման որոշում է կայացրել՝ ազդարարելով, թե քրեականի պետի արարքի մեջ հանցակազմ չկա։Ավելին՝ Տավուշի մարզի դատախազ Ալոյանը ինքն է օրինականությունը ստուգելու համար կից գրությամբ ուղարկում գործերը գլխավոր դատախազություն։
Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք կարճված վարույթը արդեն իսկ ուղարկված չի եղել Գլխավոր դատախազություն՝ օրինականության ստուգման։ Այս իրավիճակում մի ուշագրավ հանգամանք էլ կա. որոշման վերացնելուց բացի, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ստուգում են նշանակել «Հաղարծին» հյուրանոցային համալիրում աշխատանքում անչափահասների ներգրավման հարցը պարզելու համար, ինչը ոչ մի կապ չունի դատախազության լիազորությունների հետ։
Պարզ երեւում է, որ դատախազությունում խառնվել են իրար եւ ընկել են հյուրանոցի տնօրինության հետեւից՝ կարծելով, թե նրանք են մեզ տրամադրել աղմկահարույց տեսաձայնագրությունը։ Սա առավել ցայտուն է դարձնում, որ գործը փակվել է դատախազության նախաձեռնությամբ, եւ զայրացած են, որ սեւերես դարձան հրապարակումից հետո։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին հրապարակեցինք բացառիկ տեսանյութ, որտեղ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծում է անչափահաս տղային։ Դեպքի առթիվ հարուցվում է քրեական վարույթ, որն ավելի ուշ կարճվում է, քանի որ պետը զղջում է, որ նման բան է արել։ Մեր աղմկահարույց հրապարակումից հետո կարճված գործը վերաբացվեց, քրեականի պետի լիազորությունները դադարեցվեցին, ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում