Նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Ուկրաինայի որևէ մասնակցություն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մեջ։ «Մենք չենք հարձակվում Պուտինի կամ Մոսկվայի վրա, մենք կռվում ենք մեր տարածքում»,- ասել է Զելենսկին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսին։ Այս մասին գրել է Reuters-ը։
Ուկրաինայի նախագահական բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ միջադեպը ենթադրում է, որ Մոսկվան պատրաստում է խոշոր «ահաբեկչական սադրանք»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել հարձակման մասին հաղորդագրությունը, և որ ռուսական պնդումները պետք է ընդունվեն «շատ մեծ թերահավատությամբ»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ չորեքշաբթի գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին,
«Երկու անօդաչու թռչող սարքեր ուղղված են եղել դեպի Կրեմլը։ Ռադարային մարտական համակարգերի օգտագործմամբ զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից դուրս են բերվել»,- ասված էր հրապարակման մեջ։
Հարձակման հետևանքով ՌԴ նախագահը չի տուժել, Կրեմլի տարածքում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու ժամանակ ոչ ոք չի տուժել։ Կրեմլն այդ գործողությունները որակել է ծրագրված ահաբեկչություն և մահափորձ ՌԴ նախագահի դեմ Հաղթանակի օրվա և մայիսի 9-ի շքերթի նախաշեմին։ «Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի»,- նշված էր հաղորդագրության մեջ։










