«Ի՞նչն է ուժ տալիս Գնելից հետո. այն, որ երեխաներս միայն ինձ ունեն ու... իրեն». կամավոր Գնել Ֆիդանյանն անմահացել է Ջրականում՝ հոկտեմբերի 10-ին․ «Փաստ»


«Ի՞նչն է ուժ տալիս Գնելից հետո. այն, որ երեխաներս միայն ինձ ունեն ու... իրեն». կամավոր Գնել Ֆիդանյանն անմահացել է Ջրականում՝ հոկտեմբերի 10-ին․ «Փաստ»
Մարտ 18 12:09 2023

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս անգամ «քայլերը» «Փաստին» Արմավիրի մարզի Արգինա գյուղ տարան: Այն Գնել Ֆիդանյանի հայրենի գյուղն է, նա 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել և պատերազմ է մեկնել: Գնելի մասին զրուցել ենք նրա կնոջ՝ Աննայի հետ: Գնելն ու Աննան մանկությունից են իրար ճանաչել, ինչպես Աննան է նշում, մանկության ընկերների երեխաներ են: «Երբեք չենք պատկերացրել, որ ընտանիք կկազմենք, ամեն ինչ կարծես «պատահական» ստացվեց: 2008 թ.-ին ամուսնացանք, 2009 թ.-ին ծնվեց մեր տղան: Հաջորդ տարի տեղափոխվեցինք Մեծամոր, մեր սեփական տունը ձեռք բերեցինք, բազում դժվարություններ հաղթահարելով՝ մեր անկյունը ստեղծեցինք, լավ պայմաններ մեր երեխաների համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աննան:

2015 թ.-ին ծնվում է Գնելի և Աննայի դուստրը: Երբ Աննան նկարագրում է ամուսնուն, ասում է՝ անհնար է՝ Գնելն ինչ-որ տեղ գնար, ինչ-որ միջավայրում հայտնվեր, և իրեն առաջին հայացքից նաև անծանոթ մարդիկ չսիրեին: «Սկսում էին անմիջապես հետաքրքրվել, թե ով է այդ տղան: Իր տեսակով աչքի ընկնող էր»,-նշում է զրուցակիցս:

Երբ հարցնում եմ՝ ամուսինն ունե՞ր բնավորության գիծ, որ Աննան կառաձնացնի, նա մտովի տեղափոխվում է պատերազմական օրեր. «12 տարվա համատեղ կյանքից հետո զարմացա իր կատարած քայլից՝ ինձանից թաքուն գնաց և կամավորագրվեց, որ պատերազմ մեկնի: Եթե ամբողջ կյանքս էլ փորձեմ դա հասկանալ, երևի թե չի ստացվի: Իր ձեռքը վիրահատել էին, սեպտեմբերի 21-ին նոր կարերը քանդել: Իր բոլոր թղթերն ինձ մոտ էին, «պահել էի», ասում էի, որ եթե անգամ ծանուցագիր գա, չի կարողանա գնալ: Հոկտեմբերի 3-ին մեզ տարավ գյուղ՝ մայրիկիս տուն, ասաց՝ մնացե՛ք, հետո կգամ, ձեզ տուն կտանեմ: Հաջորդ օրն առավոտյան զանգահարեց՝ տղերքի հետ գնում եմ: Հոկտեմբերի 5-ին էլ մեր տղայի ծննդյան օրն է ու մեր ամուսնության օրը»:

Աննան վերհիշում է. «Արդեն մեկնել էր, զանգահարեցի, ասացի՝ հետ արի՛, չնայած գիտեի, որ չի գա: Բոլորին պետք է օգնության հասներ, չէր կարող տղաներին թողնել ու վերադառնալ: Երբ զրուցում էինք, ասաց՝ ոչ մի վատ բան չի լինի: Պատասխանեցի՝ Գնել, դու որ գնացիր, էլ չես գա: Ասաց՝ լավ կլինի: Բայց այդ «լավը» չեղավ: Մի զրույցի ժամանակ էլ ասաց՝ ուզեմ էլ, չեմ կարող գալ»: Գնելը մարտնչել է Ջրականում՝ ամենաթեժ կետերում: «Առաջին հրադադարի օրը հոկտեմբերի 10-ն էր, իրենք պատրաստվում էին վերադառնալ, հրադադար էր, ուրախացել էին: Գնելը հետախույզ էր, պատերազմ էր մեկնել «Սարդարապատ» ջոկատի կազմում: Մի քանի տղաների հետ գնացել են հետախուզության ինչ-ինչ տարածքներ, թշնամին իրենց ֆիքսել է, իսկ վերադառնալիս անօդաչուն հարվածել է: Իրենց խմբից 6 կամ 7 տղա էր զոհվել: Մյուսները վերադարձել էին, ներկա էին Գնելի հոգեհանգստին, հենց իրենք էին ասում, որ ամեն ինչ մի քանի վայրկյանում տեղի ունեցավ»,-ասում է Աննան:

Հոկտեմբերի 10-ին Գնելը զոհվում է Ջրականում, Աննան հիշում է՝ ամբողջ գիշեր զանգահարել էր ամուսնուն, անհասանելի էր: «Հաջորդ առավոտյան էլ անհասանելի էր, մեջս մի տեսակ վախ կար: Շուտ էի արթնացել, պատուհանից անընդհատ սարերին էի նայում: Իր մորաքույրը ներս մտավ, Գնելի մայրիկին ասաց՝ Մարե՛տ, նստի՛ր, հենց այդ պահին ամեն ինչ հասկացա, ասում էր՝ կարծես թե վիրավոր է, բայց զգում էի, որ անդառնալին է եղել»: Բոլոր զրույցների ավարտին իմ հնչեցրած նույն հարցին թերևս ամենակարճ պատասխանն եմ ստանում՝ ի՞նչն է ուժ տալիս Գնելից հետո: «Այն, որ երեխաներս միայն ինձ ունեն ու… իրեն»: Հենց այսպես էլ ավարտում ենք զրույցը:

Հ. Գ. - Գնել Ֆիդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արգինա գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 


loading...