«Հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն կներգրավվի առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին


«Հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն կներգրավվի առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին
Մարտ 18 00:06 2023

Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը։ Նիստի մեկնարկին կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանի ներսում և սահմաններից դուրս ծավալվում են ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի և նրա առանձին հատվածների անվտանգությանը, բարեկեցությանն ու զարգացման հեռանկարներին, ուստի հարցերի այս շրջանակի նկատմամբ «Հայրենիք» կուսակցությունը չի կարող անտարբեր մնալ։ 

 

Այս մասին հայտնում են Կուսակցության լրատվական բաժնից։

 

Անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող գործընթացներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է միայն բոլոր խնդիրներին հավասարակշռված և արդարացի լուծում տալու պարագայում, հետևաբար Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև համաձայնություն ունենալու ցանկացած փորձ, որը կանտեսի Արցախի հիմնախնդիրն ու արցախահայության կենսական շահերը՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը, դատապարտված է ձախողման և չի կարող երաշխավորել հարատև խաղաղություն։

 

 

Խոսելով Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ այդ փաստը ենթադրել է տալիս, որ օրվա իշխանությունը փորձելու է պատեհ պահն օգտագործել և արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու ևս մեկ փորձ կատարել՝ աշխարհին և մեր հանրությանը համոզելու՝ իբրև, թե ինքը վայելում է Հայաստանի հանրության վստահությունն ու գործում է նրանց անունից։ Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ իրականում իշխանությունը չունի հանրային վստահություն։ 

 

«Հայրենիք» կուսակցության խորհուրդը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ ակտիվորեն ներգրավվել առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին և որոշեց այդ նպատակով նախաձեռնել խորհրդակցությունների շարք՝ մասնակցության վերջնական ձևաչափը հստակեցնելու համար։  

 

Խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև կուսակցաշինական աշխատանքներին, առաջիկա անելիքներին, հանրության հետ շփումներին, ինչպես նաև կուսակցության երիտասարդական թևի ակտիվացմանը և առաջիկայում մեկնարկելիք «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրին։ 



loading...