Շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ


Շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ
Մարտ 17 11:25 2023

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, շփման գծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ. սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:

Հանձնաժողովի նախագահը հրատապ գրություններով դիմել է միջազգային բոլոր գործընկերներին` ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին, որն արտահայտվում է թե' Ալիեւի ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», իսկ Արցախը` «Ադրբեջան», թե' արդեն շուրջ 100 օր Արցախի շրջափակմամբ` հումանիտար աղետի ծանրագույն հետեւանքներով, թե' Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության շփման գծերի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակած ծանր տեխնիկայով:

«Ադրբեջանի ագրեսիայի եւ ցեղասպան քաղաքականության շարունակականությանն են ծառայում միջազգային հանրության կողմից համապատասխան գործողությունների ձեռնարկման բացակայությունը կամ սին դատապարտումները: Փաստ է այն, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, այլեւ չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը, այն է` երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը»,- նշել է պատգամավորը:

Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերներից խնդրել է գործուն եւ կանխարգելիչ քայլերի իրականացում` նպաստելու Ադրբեջանի կողմից պլանավորված հնարավոր էսկալացիայի կանխմանը, թույլ չտալու հայերի նկատմամբ նոր ցեղասպանության իրագործումը:

Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով տեղակայված ԵՄ դիտորդները եւ Արցախի սահմանները հսկող ռուս խաղաղապահ զորակազմը տեղում իրավիճակը ճիշտ կգնահատեն` դրանից բխող պատժիչ հետեւանքներով: