Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որի գաղտնի ամուսնության մասին հայտել են լրատվամիջոցները, ավագ դստերը՝ Նորթին, ծանոթացրել է նոր կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ, գրում է Daily Mail-ը:
Պապարացիները երեքին նկատել են Կալիֆոռնիայի Nobu ռեստորանում՝ ընթրելու գնալիս: 45-ամյա Ուեսթն ու 27-ամյա կինը ժամանել են ռեստորան, որտեղ սպասել են երեխային. նա ավելի ուշ եկել է թիկնապահների ուղեկցությամբ՝ ընկերուհու հետ:
Ռեփերն ավստրալուհու հետ ամուսնացել է հունվարին՝ գաղտնի հարսանիքի ժամանակ, և գաղտնի է պահում իրենց հարաբերությունների մանրամասները:
Պարզ չէ, թե որքան ժամանակ է զույգն իրար ճանաչում կամ հանդիպում, բայց Բիանկան Քանյեի Yeezy ընկերությանը միացել է 2020 թվականի նոյեմբերին: Նա նշված է որպես Yeezy-ում ճարտարապետական դիզայնի բաժնի ղեկավար : Հայտնի է, որ նա Ավստրալիայի Մելբուրնի համալսարանում ճարտարապետության մագիստրոսի կոչում է ստացել:
Անցյալ ամիս Քանյեն թողարկել է կնոջ մասին երգ՝ դրա վերնագրում ներառելով նրա ազգանունը. խոսքը Censori Overload երգի մասին է, որի տեքստում ռեփերը խոստովանում է, որ մինչ ամուսնանալը սեռական հարաբերություն չի ունեցել սիրելիի հետ:
Հատկանշական է, որ ներկայում կարճ վարսեր ունեցող շիկահեր Բիանկան նախկինում եղել է սևահեր ու ընդհանուր ոճով չափազանց նման է եղել Քիմ Քարդաշյանին: Այդ են փաստում նրա նախկին լուսանկարները:
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել են նոյեմբերին: Քիմը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2021 թվականի փետրվարին՝ գրեթե յոթ տարվա ամուսնությունից հետո։ Նախկին զույգը չորս երեխա ունի՝ իննամյա Նորթը, յոթամյա Սեյնթը, չորսամյա Չիկագոն և երեքամյա Փսալմը:
TMZ-ն պարզել է, որ Քիմը ամսական կստանա 200 000 դոլար երեխաների աջակցության գումար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Քիմն ու Քանյեն համատեղ խնամակալություն կունենան իրենց երեխաների նկատմամբ։