Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերվում. Կոսաչև


Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերվում. Կոսաչև
Նոյեմբեր 22 00:24 2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է դիվանագետ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարող են արդյոք ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը, որպես կառույցի ամենահզոր անդամ, Հայաստանին ավելի եռանդուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում, առաջին հերթին՝ ռազմական, թե՞ «Ռուսաստանը հիմա Հայաստանի ժամանակը չունի»:

 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձևով աջակցում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են և այս, և մյուս կողմից։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այդ ճանապարհով»,- ասել է Կոսաչևը:

 

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միայն մեկ կողմի աջակցության դիրք զբաղեցնելը կնշանակեր այն ավելի խորացնել:

 

«Պետք է խաղաղ կարգավորման դիրքորոշում որդեգրել և աջակցել, որպեսզի այդ կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է Կոսաչևը:



loading...