Չերնիգովը վերածվում է երկրորդ Մարիուպոլիի


Չերնիգովը վերածվում է երկրորդ Մարիուպոլիի
Մարտ 23 17:00 2022

 

Ուկրաինայի Չեռնիգով քաղաքն ամբողջությամբ կտրված է մնացել Կիևից։ Ռուսական զորքերը ռմբակոծել են Դեսնայի վրայով անցնող կամուրջը, որով մարդասիրական օգնություն էր տեղափոխվում, իսկ խաղաղ բնակիչները տարհանվում էին, գրում է իսրայելական 9-րդ ալիքը՝ վկայակոչելով Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի ուղերձը։

Նրա խոսքով՝ քաղաքը դարձել է պատանդ, և տեղի բնակիչներին պատրաստվում են արտաքսել Ռուսաստան. ցուցակներ են կազմվում Կուրսկի շրջան «տարհանելու» համար։ Թե կոնկրետ ով է կազմում ցուցակները, Դենիսովայի ուղերձից պարզ չէ։

Չերնիգովը շրջափակման մեջ է և մշտապես գնդակոծվում է ռուսական զորքերի կողմից։ Քաղաքում չկա էլեկտրականություն, ջուր, ջերմություն և գազ, ավերվել են ենթակառուցվածքները։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Չերնիգովը դարձավ Ուկրաինայի ամենաշատ տուժած քաղաքներից մեկը։ Մարտի 22-ի դրությամբ քաղաքը երեք շաբաթ շարունակվող գնդակոծությունից հետո գտնվում է հումանիտար աղետի եզրին։