Մոտ ապագայում Բելառուսը կարող է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, կանխատեսում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, հաղորդում է RBC-Ukraine-ը՝ CNN-ին հղումով։
«Հավանականությունը, որ Բելառուսը կմտնի հակամարտություն, մեծանում է, նախագահ Պուտինը աջակցության կարիք ունի»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայացուցիչը՝ անանունության պայմանով։ Բելառուսական ընդդիմության աղբյուրը միաժամանակ հայտնել է, որ մարտական ստորաբաժանումները պատրաստ են առաջիկա օրերին տեղակայվել Ուկրաինայի տարածքում։ ՆԱՏՕ-ի հետախուզության տվյալներով՝ Բելառուսի իշխանությունները հող են նախապատրաստում բելառուսական ներխուժումն արդարացնելու համար։
Ենթադրաբար, պատերազմին Բելառուսի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Մոսկվայում, քանի դեռ ապացույցներ չեն եղել, որ բելառուսական ստորաբաժանումները գտնվում են Ուկրաինայում։
«Խոսքն այն մասին չէ, թե ինչ է ուզում Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հարց է առաջանում՝ արդյոք Պուտինը ցանկանում է տարածաշրջանում եւս մեկ անկայուն երկիր։ Միջամտությունը ապակայունացնելու է Բելառուսը»,- հավելել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։
Մինչ այդ Maxar-ը (տիեզերական տեխնոլոգիաների ընկերություն, որը մասնագիտացած է կապի արբանյակների, Երկրի դիտարկման, ռադարների և ուղեծրային ծառայությունների, արբանյակային արտադրանքների և հարակից ծառայությունների արտադրության մեջ) հրապարակել է նոր պատկերներ Բելառուսի Գոմել շրջանից: Ուկրաինայի զինված ուժերը բավական մեծ են գնահատում Բելառուսի՝ Ուկրաինա ներխուժման հավանականությունը։










