Առողջապահության իրավունքը, նույնիսկ ամենաթեժ պատերազմական իրավիճակներում չի կարող փաստացի թիրախ լինել։ Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները մարդասիրական իրավունքի ծաղր է՝ ադրբեջանական իշխանությունների կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է ՀՀ ԱԺ 《Հայաստան》 խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատմելով, որ Ստեփանակերտի Մանկական հիվանդանոցում այսօր 40֊ից ավել հիվանդ և չկա պատշաճ ջեռուցում, քանի որ գազ չկա։
«Իհարկե բժիշկների նվիրյալ աշխատանքի արդյունքում հնարավոր ամեն բան արվում է, սակայն խոսում ենք հիվանդանոցի մասին, որտեղ չկա տարրական ջեռուցման հնարավորություն։ Արցախի գրեթե բոլոր հիվանդանոցներում անմարդկային վիճակ է»,֊պատմում է Վարդևանյանը։
Պատգամավորը հարց բարձրացրեց առ այն, թե ինչպես կարելի է նման վարքագիծ դրսևորող երկրի հետ պատկերացնել միակողմանի խաղաղություն, այդպես չի լինում։
«Սա քաղաքական հարց չէ, սա մարդու իրավունքների, մարդասիրական արժեքների, ժողովրդավարական արժեքների նկատմամբ ծաղր է»,֊ընդգծել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ արցախցիների ոգին աներկբա է, մարտական է, բայց հստակ է, որ ստեղծված իրավիճակն աբսուրդ է։










