«Եթե փորձենք գնահատել տեղի ունեցածը, ապա պետք է համադրենք ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը՝ իրանական կողմի տրամադրած տեղեկատվության հետ։ Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետի տեղեկատվական քարոզչամեքենան ուռճացրած է ներկայացնում գործընթացը։ Իրանական կողմից հնչող պաշտոնական տեղեկատվության մեջ խոսքը գնում է անցակետերի տեղադրման մասին և որևէ տեսակի միջանցքի վերաբերյալ որևէ հղում չկա։ Համենայն դեպս, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ով Բաքվում Իրան – Ադրբեջան տնտեսական համագործակցության շրջանակներում հայտարարությամբ է հանդես եկել, խոսել է անցակետերի մասին, որը, փաստացիորեն, ավելացնելու է իրանա – ադրբեջանական անցակետերի թիվը, -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նշենք, որ նախօրեին Բաքուն և Թեհրանը «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» հուշագիր են ստորագրել, որը պետք է անցնի Իրանի տարածքով։
Ըստ Ադրբեջանի կառավարության, համաձայնության նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության, ինչպես նաև էներգամակատարարման ուղիներ ստեղծելը։ Դրա համար նախատեսվում է չորս կամուրջ կառուցել՝ Արաքս գետի վրայով, որոնցից երկուսը կլինեն ավտոմեքենաների և հետիոտների համար, մյուս երկուսը՝ երկաթուղու։ Ծրագրվում է նաև ենթակառուցվածքներ կառուցել էներգետիկայի և կապի ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։
Իրանագետը նկատում է՝ պարզ է, որ խոսքը միայն անցակետի մասին լինել չի կարող. «Ադրբեջանը փորձում է Արցախից բռնազավթված մերձարաքսյան գոտում, հենց Հայաստանի Հանրապետության սահմանին՝ մոտ 5 կմ հեռավորությամբ, նոր անցակետ ստեղծել, կառուցելով նաև կամուրջներ (դատելով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունից՝ խոսք է գնում 4 կամուրջի մասին), որոնք կապահովեն Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների՝ Հորադիզից մինչև ՀՀ սահման ընկած տարածքներում, երկաթուղու աշխատանքը, որի միջոցով կապահովեն ադրբեջանական կողմի անցումը՝ Իրանի տարածք, որտեղով էլ կապեր կհաստատվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»։
Վարդան Ոսկանյանը վստահ է՝ ըստ էության, այս հռչակագրով որևէ լուրջ բան չի փոխվելու, առանց այն էլ Ադրբեջանը Նախիջևանի Հանրապետության հետ իր ցամաքային հաղորդակցությունն իրականացնում էր Իրանի տարածքով։ Պարզապես, այս համաձայնագրով Իրանի տարածքով անցնող ճանապարհը կրճատվելու է, որը տեղի է ունենալու Բաքվի բռնապետի կողմից Արցախից բռնազավթված Մերձարաքսյան գոտու հաշվին։
Եթե փորձենք գնահատել այս համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, ապա նրա դիտարկմամբ, ակնհայտ է, որ իրանական կողմը, յուրաքանչյուր պարագայում, ցանկանում է պահպանել Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածից դեպի Նախիջևան կապի սեփական վերահսկողությունը. «Հետևաբար, իրանական կողմի տրամաբանությունը սեփական շահերի տեսանկյունից հասկանալի է՝ նրանք համարում են, որ պետք է վերահսկեն այդ կապը։ Եթե հարցին նայենք Բաքվի բռնապետի շահերի տեսանկյունից, ապա սա Հայաստանի Հանրապետության նկատմամբ լրացուցիչ ճնշում կարելի է դիտարկել՝ տրամադրելու իրենց պատրանքային երազանքի, այսպես կոչված՝ Զանգեզուրյան միջանցքը։ Թեև կարծում եմ, որ Հայաստանը որևէ պարագայում չպետք է ճնշումների գնա, որովհետև ակնհայտ է՝ Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունը, հատկապես ռուս- ուկրաինական ռազմական բախումների զարգացումների ֆոնին, ամենևին չի բխում Ռուսաստանի շահերից»։
Վարդան Ոսկանյանը մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրում ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակումներին, որտեղ կարելի է հանդիպել այնպիսի ձևակերպումներ, ըստ որի՝ Ադրբեջանը սկսել է «դրեյֆ» կատարել՝ լողալ ճշգրիտ ուղղությամբ. «Այդ ուղղությունն այն է, որ Ռուսաստանի համար ստեղծված նման ծանր պայմաններում, հենց Ադրբեջանն է, որ պետք է ստանձնի արևելք - արևմուտք տրանսպորտային հանգույցի դերը։ Փաստացիորեն, խոսքն այստեղ Ռուսաստանի տարածքով տրանսպորտային փոխադրումներին այլընտրանք ստեղծելու մասին է, ինչն, ուղղակի, Ռուսաստանի Դաշնության դեմ թշնամական ակտ կարող է դիտարկվել։ Բաքվի քարոզչամեքենայի այս հայտարարություններն, անշուշտ, տեղավորվում են այդ պետության իշխանական շրջանակների տրամաբանության մեջ, այսինքն՝ այն, ինչ չեն կարողանում կամ խուսափում են ասել կոնկրետ իշխանության ներկայացուցիչները, Բաքվի պարագայում նրանց փոխարեն դա անում են մերձիշխանական լրատվամիջոցները կամ ասենք՝ քարոզչամեքենայի զանազան գործիքները։ Հետևաբար, կարծում եմ, այս հանգամանքը հաշվի առնելով, ադրբեջանական կողմն, անվտանգային առումով, լրջագույն ռիսկերի է գնում, իսկ Հայաստանը պետք է, ամեն կերպ, օգտվի այս հանգամանքից»։
Իրանագետն ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում կա մի կարևոր հանգամանք ևս՝ եթե ադրբեջանական կողմը փորձում է այս ողջ գործընթացներով, ըստ էության, հակառուսական քայլեր իրականացնել, ապա Իրանը նման քայլերի, ոչ մի պարագայում չի գնա, իսկ սա հաստատվել է իրանական կողմից հոգևոր առաջնորդի մակարդակով ( որն Իրանի քաղաքական համակարգում ամենավերին մակարդակն է). «Իրանի հոգևոր առաջնորդը հստակորեն արձանագրել է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների մեղավորն Արևմուտքն է, հետևաբար, Արևմուտքն է ստեղծել այնպիսի նախադրյալներ և պայմաններ, որոնք, ի վերջո, հանգեցրել են այն իրավիճակին, որն այսօր առկա է այդ երկրում։ Այստեղ, անկասկած, կա ճշմարտություն, որովհետև ակնհայտ է, որ ռուսական կողմն իր ունեցած բոլոր գործիքակազմով, այդ թվում նաև՝ դիվանագիտական, տարիներ շարունակ փորձում էր պետական և անվտանգային շահերի կարգավորման և ապահովման հասնել։ Սակայն, հավաքական արևմուտքի ճնշման տակ, Ուկրաինական կողմը, փաստացիորեն, հանդես եկավ այնպիսի դիրքորոշմամբ, որոնք ստիպել են ՌԴ-ին գնալ հատուկ ռազմական գործողությունների իրականացման ճանապարհով։ Այս ամենն, անկասկած, հիանալի կերպով գիտակցում է նաև Իրանի բարձրագույն ղեկավարությունը, ուստի, եթե ադրբեջանական կողմը հույսեր է փայփայում, թե օգտվելով առիթից, հակառուսական տիրույթում կարող է իր համար լրացուցիչ դիվիդենտներ ստանալ, ապա սա իր համար շատ վտանգավոր խաղ է դառնալու և, նորից եմ կրկնում, եթե մենք կարողանանք օգտագործել այս հանգամանքն՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, իսկ այստեղ հանգիստ կարող է տեղավորվել նաև Իրանը, որովհետև Հայաստանն այն լավագույն հարթակն է, որը կարող է իրականացնել այս գործընթացը, ապա ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները կարելի է ուղղել հենց իրենց դեմ»։
Վարդան Ոսկանյանը վստահ է՝ իհարկե, Իրանն իր պետական շահերից ելնելով, միաժամանակ անկախ քաղաքականություն է վարում, սակայն այդ քաղաքականությունը ոչ մի կերպ չի ենթադրում հանդես գալ հակառուսականության դաշինքներից։ Հետևաբար, բնական կերպով՝ հետապնդելով սեփական շահերը, իրանական կողմն, այնուամենայնիվ հակառուսական տիրույթում չի հայտնվի՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում նաև, ինչպես արդեն նշվեց, այդ երկրի բարձրագույն իշխանության որդեգրած դիրքորոշումը։
Համարելով, որ ստեղծված իրավիճակում, Ռուսաստանի համար ծանրագույն պայմաններում Ադրբեջանը կարող է արևելյան խորամանկությամբ զանազան գործընթացների մասնակից դառնալ և, միաժամանակ, պահպանել «բարեկամական» հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, Ադրբեջանն իրեն բավական բարդ դրության մեջ է դնում։ Այսպես է կարծում իրանագետ Վարդան Ոսկանյանն ու հավելում. «Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, մեր պետական շահի համար օգուտներ կորզելով ստեղծված իրավիճակից, սակայն, այսօրվա հայաստանյան իրականության մեջ, սա ևս, շատ բարդ խնդիր է, որովհետև սրընթաց փոփոխվող աշխարհում մեզանում չկա իրավիճակի գիտակցումը, այդ գիտակցման հիման վրա մշակվող հստակ ծրագիրը, ցավալիորեն, չկա նաև այդ ծրագիրը կյանքի կոչելու ցանկություն կամ հմտություն ունեցողները իշխանություն, ինչն էլ՝ բավական բարդացնում է մեր՝ առանց այն էլ բարդացած վիճակը»։










