Պանդեմիայի ավարտ և բժշկական մեծ առաջընթաց. Բիլ Գեյթսի կանխատեսումները 2022թ. մասին


Պանդեմիայի ավարտ և բժշկական մեծ առաջընթաց. Բիլ Գեյթսի կանխատեսումները 2022թ. մասին
Փետրվար 24 00:30 2022

Microsoft-ի համահիմնադիր և միլիարդատեր Բիլ Գեյթսը լավատեսորեն է խոսում 2022 թվականի մասին։ Նրա կարծիքով՝ այս տարի մարդկությունը կհաղթահարի համաճարակը և մի շարք գիտական ​​բեկումներ կանի։

Բիլ Գեյթսը խոստովանել է, որ 2021 թվականը լի էր գլոբալ հետևանքներ առաջացրած մեծ իրադարձություններով։ Սակայն 2022թ. նա դրական փոփոխությունների լուրջ հիմք է տեսնում բժշկության, էկոլոգիայի և աշխատանքային պայմանների ոլորտում։

Համաճարակի սուր փուլի ավարտ

Բիլ Գեյթսը կարծում է, որ COVID-19 համաճարակի «սուր փուլը» կավարտվի 2022 թվականին՝ չնայած Օմիկրոն շտամի հայտնաբերմանը։ Նրա կարծիքով՝ 2021 թվականը համաճարակի դեմ պայքարում այնքան էական բարելավումներ չբերեց, որքան նա ակնկալում էր։ «Ես թերագնահատեցի, թե որքան դժվար կլիներ մարդկանց համոզել պատվաստվել և շարունակել դիմակներ կրել»,- խոստովանել է Գեյթսը:

Խոսելով Օմիկրոնի վտանգների մասին՝ Գեյթսը նկատեց, որ «աշխարհն ավելի շատ է պատրաստ դիմադրել վիրուսի պոտենցիալ վտանգավոր տարբերակներին, քան համաճարակի ցանկացած այլ փուլում»։ Միլիարդատերը վստահ է, որ ժամանակի ընթացքում պատվաստանյութերը և հակավիրուսային դեղամիջոցները կօգնեն նվազեցնել Օմիկրոն շտամի տարածումը 50%-ով, իսկ «պատահական բռնկումները» կշարունակվեն:

Նույնիսկ Օմիկրոն շտամի հայտնվելուց առաջ՝ 2021 թվականի նոյեմբերին, Գեյթսը կանխատեսեց, որ մյուս տարվա կեսերին մարդիկ ավելի քիչ կմահանան COVID-ից, քան սեզոնային գրիպից։ Նա նաև ասաց, որ մինչ այդ կորոնավիրուսով վարակման մակարդակը կիջնի սեզոնային գրիպի մակարդակից, եթե նոր վտանգավոր շտամներ չհայտնվեն։

Գեյթսն ակնկալում է, որ պատվաստանյութերի մատակարարման խնդիրները կլուծվեն հաջորդ տարի։ Նա նախկինում դիմել է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ օգնելու պատվաստումների ցածր մակարդակ ունեցող երկրներին:

Վարակիչ հիվանդությունը Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի հիմնական ուշադրության կենտրոնում է, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի մեջ միլիարդատերը ներդրումներ է կատարել 2000 թվականի հիմնադրումից ի վեր: Գեյթսը նաև նրանցից մեկն էր, ով 2017 թվականին նախազգուշացրեց աշխարհին մոտալուտ համաճարակի մասին:

Արևի արգելափակում

Գեյթսի հիմնադրամը փորձում է լուծել ոչ միայն վարակների խնդիրները, այլև պայքարում է գլոբալ տաքացման դեմ։ Նա հովանավորում է SCoPEx (Controlled Stratospheric Disturbance Experiment) նախագիծը, որը մշակվել է Հարվարդի համալսարանի արևային գեոինժեներիայի գիտնականների կողմից։ Ծրագրի էությունն այն է, որ «օդապարիկի» միջոցով ծովի ջրում պարունակվող որոշակի քանակությամբ կալցիումի կարբոնատի մասնիկներ 20 կմ բարձրության վրա արձակվեն մթնոլորտ՝  Շվեդիայի հյուսիսային շրջանից վերև գտնվող հատվածներում, և երկնքում ցրված ամպ ստեղծվի:

Գաղափարն այն է, որ ավելի պայծառ սպիտակ ամպերը մոլորակից ավելի շատ արևի լույս են արտացոլում դեպի տիեզերք և նվազեցնում ջերմոցային էֆեկտը: Այս փորձը կօգնի գիտնականներին հասկանալ, թե ինչպես են մասնիկները փոխազդում միմյանց հետ ստրատոսֆերայում, ինչպես նաև արևի և ինֆրակարմիր ճառագայթման հետ: Եթե ​​նախագիծը հաջող լինի, այս գեոինժեներական տեխնիկան կարող է օգտագործվել Երկրի մակերեսի վրա արևի ճառագայթների ազդեցությունը մեղմելու և գլոբալ տաքացման գործընթացը կասեցնելու համար:

Նախագծի հեղինակներն առաջարկում են, որ եթե հազարավոր «փուչիկներ» օգտագործվեն ռեֆլեկտիվ մասնիկներ մթնոլորտ ուղարկելու համար, ապա հնարավոր կլինի մասամբ արգելափակել արևի ուղիղ ճառագայթների մուտքը Երկիր: Նույնիսկ արեգակնային ճառագայթման մի քանի տոկոս արտացոլումը կօգնի դանդաղեցնել կամ նույնիսկ հակադարձել գլոբալ տաքացումը:

SCOPEx փորձը նախատեսվում էր անցկացնել 2021 թվականի հունիսին՝ ստանալով Շվեդիայի իշխանությունների և Հարվարդի անկախ վերանայման խորհրդի հավանությունը: Սակայն փետրվարին շվեդական բնապահպանական խմբերը և բնիկ սամիների խորհուրդը տեղական իշխանություններին խնդրեցին հետաձգել փորձը, քանի որ նրանք այն համարեցին ռիսկային և պահանջում էին նախապատրաստում և քննարկում մեծ թվով փորձագետների հետ: Գեյթսն ակնկալում է, որ փորձնական փուլն այժմ կարող է տեղի ունենալ 2022 թվականին:

Ալցհեյմերի ախտորոշում արյան անալիզով

Գեյթսը չփազանց լավատես է բազմաթիվ բժշկական առաջընթացների վերաբերյալ, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության ախտորոշումը արյան թեստերի միջոցով: Նման թեստ մշակվել է 2020 թվականին ամերիկյան C2N Diagnostics ընկերության կողմից։ Այն թույլ է տալիս արյան մեջ հայտնաբերել ամիլոիդ սպիտակուցի ավելցուկ, որը սովորաբար աճում է Ալցհեյմեր ունեցողների մոտ։ Այսպիսով, հիվանդությունը կարելի է ախտորոշել նրան բնորոշ նշանների ի հայտ գալուց տարիներ առաջ, այնուհետև հետևել դրա ընթացքին։ Ներկայումս հիվանդությունը սովորաբար հայտնաբերվում է արդեն խորացված փուլերում։ «Խնդիրը, որը պետք է լուծվի 2022 թվականին, Ալցհեյմերի հիվանդության ախտորոշումն է։ Վերջին շրջանում հսկայական առաջընթաց է գրանցվել այս ուղղությամբ, և մեծ հավանականություն կա, որ հաջորդ տարի կհաստատվի Ալցհեյմերի հիվանդության առաջին հասանելի արյան թեստը»,- գրում է նա։

Միևնույն ժամանակ, Գեյթսը խոստովանում է, որ բժշկությունը դեռ հեռու է այս հիվանդությամբ արդեն տառապող մարդկանց կյանքը հեշտացնելուց, քանի որ դեռևս չկան արդյունավետ դեղամիջոցներ, և չկա հիվանդության ընթացքը դանդաղեցնելու միջոց։

Ախտորոշում տանը

Գեյթսը կանխատեսում է, որ մոտ ապագայում կհայտնվի սարք, որը թույլ կտա չափել բոլոր կենսական նշանները՝ առանց տնից դուրս գալու։ Միլիարդատերը վստահ է, որ առաջիկա տարիներին բժիշկները կկարողանան իրենց խելացի ժամացույցներից հավաքել իրենց հիվանդների ցուցանիշները։ «Այն փաստը, որ ձեր խելացի ժամացույցը կդառնա տնային առողջության մոնիտոր, շատ հավանական է: Բայց, ճիշտն ասած, մենք դեռ սպասում ենք բազմաթիվ նոր հավելվածների ու սենսորների հայտնվելուն»,- նշում է նա։

Գեյթսի խոսքով՝ ապագայում ցանկացած մարդ կկարողանա արյան անալիզ հանձնել մոտակա դեղատանը, որը արդյունքները կփոխանցի ներկա բժշկին։ Նա մեծ հնարավորություններ է տեսնում նաև հեռաբժշկության զարգացման մեջ, որը հիվանդներին թույլ կտա այլ քաղաք տեղափոխվելու դեպքում բժիշկ չփոխել։

«Ի լրումն տեխնոլոգիաների և գաղտնիության սահմանափակումների, կան նաև կարգավորող խոչընդոտներ, որոնք մենք պետք է հաղթահարենք, նախքան թվային առողջապահությունը դառնա իսկապես հիմնական»,- խոստովանում է Գեյթսը: Ներկայումս Միացյալ Նահանգներում հեռաբժշկության հետ կապված իրավական պահանջները տարբեր են նահանգից նահանգ:

Հանդիպման վայրը մետատիեզերքն է

 

Գեյթսը վստահ է, որ մետավերսի դարաշրջանը հեռու չէ. «Ես կանխատեսում եմ, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում վիրտուալ հանդիպումների մեծ մասը կտեղափոխվի դեպի մետատիեզերք՝ թվային ավատարներով եռաչափ տարածություն»:

Գեյթսի խոսքերը հիմնավորվում են այս ուղղությամբ Facebook-ի և հենց Microsoft-ի իրական քայլերով։ Նրա կորպորացիան նախատեսում է 2022 թվականին թողարկել մետավերսի անցումային տարբերակը, որում օգտատերը կկարողանա օգտագործել վեբ-տեսախցիկ՝ ավատար ստեղծելու համար։ Նոյեմբերին Microsoft-ն արդեն հայտարարել է Mesh for Teams-ը, որը խառը իրականության համագործակցության և հանդիպման լուծում է: Տեխնոլոգիան հիմնված է Microsoft Mesh-ի վրա և ինտեգրված է Microsoft Teams հարթակին: Օգտատերը կկարողանա ստեղծել իր թվային ավատարը և օգտագործել այն վիրտուալ միջավայրում հանդիպումների ժամանակ, եթե չցանկանա միացնել վեբ-տեսախցիկը։ Բացի ավատարների հետ վիրտուալ հանդիպումներ կազմակերպելուց, ընկերությունները նաև կկարողանան ստեղծել իրենց ընկղմվող տարածքները կամ մետավերսները:

Նոր նորմալ

Թեև Գեյթսը կարծում է, որ համաճարակի ամենադժվար շրջանը կավարտվի 2022 թվականին, նա վստահ է, որ մենք կվարժվենք կյանքին նոր իրականության մեջ։ «Կարծում եմ՝ 2022 թվականը կլինի այն տարին, երբ մեզանից շատերը վերջապես կմտնեն նոր նորմալ հետհամաճարակի մեջ։ Ինձ համար սա կնշանակի մի փոքր ավելի հաճախ գնալ գրասենյակ, քանի որ հուսով եմ, որ COVID-ի դեպքերի թիվը կնվազի»,- ասում է նա։ Միլիարդատերը խոստովանում է, որ իր ապրելակերպը փոխվել է համաճարակի ժամանակ, և դրա ավարտից հետո նա ցանկանում է պահպանել YouTube-ում բազմաթիվ կրթական տեսանյութեր դիտելու սովորությունը և բաժանորդային ծառայությունները։ Գեյթսի համար 2021 թվականը դժվարին տարի էր։ «Սա իմ կյանքի ամենաանսովոր և դժվար տարին էր։ 2020-ին հարաբերական նորմալության կարճ ժամանակաշրջան կար, մինչև COVID-19-ը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ։ 2021 թվականին համաճարակը տիրել է մեր կյանքում առաջին իսկ օրերից։ Մենք բոլորս ստիպված ենք եղել հարմարվել «նոր նորմալին», չնայած յուրաքանչյուր մարդ ունի իր սեփականը: Ինձ համար արդյունքը հիմնականում ինտերնետում անցկացրած մեկ տարին էր: Տարօրինակ և շփոթեցնող փորձառություն էր: Իմ անձնական աշխարհը երբեք ավելի փոքր չի թվացել, քան վերջին տասներկու ամիսներին»,- կիսվել է նա:

Բարերարը խոստովանել է, որ իրեն ցավեցրել է իր կնոջից՝ Մելինդայից ամուսնալուծությունը։ Գեյթս զույգը մայիսին հայտարարեց, որ բաժանվում է 27 տարվա ամուսնությունից հետո։ «Չեմ կարող ժխտել, որ սա ինձ համար անձնական մեծ տխրության տարի էր: Փոփոխություններին հարմարվելը երբեք հեշտ չէ, ինչ էլ որ այն լինի: Ես տպավորված էի, թե որքան տոկուն էին իմ սիրելիները, հատկապես երեխաները, այս դժվարին ժամանակաշրջանում»,- ասել է Գեյթսը:

Սիրարփի Աղաբաբյան

168.am