Ինչպիսի՞ իրավիճակ է Արցախի սահմանամերձ դարձած գյուղերում


Ինչպիսի՞ իրավիճակ է Արցախի սահմանամերձ դարձած գյուղերում
Հունվար 19 21:00 2022

«Անցած շաբաթ տեղի ունեցած դեպքից հետո, երբ թշնամու կրակոցների հետևանքով բնակչի ավտոմեքենան հրդեհվեց, դրանից հետո դեռ չկան կրակոցներ: Էս մի քանի օրը կարելի է ասել, որ ավելի հանգիստ է իրավիճակը:

Բայց նաև պետք է ասեմ, որ ամեն օր էլ եղել են կրակոցներ, գյուղը սահմանամերձ է դարձել, գյուղի կեսն անցել է թշնամու վերահսկողության տակ, ո՞նց կլինի՝ կրակոցներ չլինեն. ուրիշ հարց է, որ դրանք մեկ-մեկ չեն լսվում:

Օրեր են եղել, երբ օրվա մեջ մի քանի անգամ են կրակել, ես հիմա չեմ կարող հստակ ասել՝ երբ են ավելի շատ ակտիվ կրակում: Գիշեր-ցերեկ թուրքի համար միևնույնն է, կրակում է, երբ ուզում է:

 
 

Թուրքը քանի գնաց, մեզ մոտեցավ, ու մենք դրա հետ հարմարվեցինք, քիչ է, դեռ մի բան էլ ասում ենք՝ դե հիմա կրակում են էլի, դրանում ինչ արտառոց բան կա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ իրենց ոչ թե կրակոցներն են անհանգստացնում, այլ անորոշությունն ու սպասումը:

 

«Մարդիկ անգամ պատերազմից հետո ծանր շրջանում գյուղը չլքեցին, ամեն մարդ իր տան մեջ մնաց, բայց ով կարող է ասել, թե ինչ կլինի, կամ ով կարող է երաշխիքներ տալ: Մենք մարտական ենք տրամադրված, թաղավարդցիք մեծից փոքր կռվող են»,- եզրափակեց Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը:

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի 45%-ը թշնամու վերահսկողության տակ է անցել:

«Ահագին ժամանակ է մեր գյուղում կրակոցներ չկան, բայց մենք դեռ Առաջին արցախյան պատերազմի ավարտից հետո էլ պահում ենք մեր զգոնությունը:

Միջադեպեր լինում են, դե տարածքներ ենք կորցրել, ու հազար ու մի խնդիրներ են առաջացել:

Օրինակ՝ մարդը շփոթվում է, հայտնվում է իրենց վերահսկողության տակ անցած տարածք, բայց ռուսների միջամտությամբ հարցը արագ կարգավորվում է»,-իր հերթին հայտնեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:

«Բնականաբար, երբ Հայաստանի սահմանին լարվում է իրավիճակը, դա անդրադառնում է նաև Արցախի վրա, կամ հակառակը: Էս պահին իրավիճակը գյուղում հանդարտ է, բայց էլի եմ կրկնում՝ դա ոչինչ չի նշանակում: Հիմա ձեզ հետ խոսում եմ, բայց չեմ կարող ասել՝ ինչ կլինի 5 րոպե հետո, հնարավոր է իրավիճակը ցանկացած պահին կտրուկ վատանա և թշնամին սկսի ագրեսիվ գործողությունների դիմել»,- նշեց Զորիկ Աբրահամյանը:

Galatv.am

 



loading...