«Նոյեմբերի 9-ին՝ հրադադարի օրը, մայրական սիրտս ինչ-որ կանխազգացում ուներ…»


«Նոյեմբերի 9-ին՝ հրադադարի օրը, մայրական սիրտս ինչ-որ կանխազգացում ուներ…»
Հունվար 17 18:15 2022

«Մենք որդուս զորացրվելու օրերն էինք հաշվում, երբ սկսվեց պատերազմը։ Սարգիսս 2019թ. հունվարին էր զորակոչվել բանակ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամասում էր ծառայում որպես  ականանետի հաշվարկող, բայց պատերազմի ընթացքում եղել է ականանետի նշանառու, քանի որ զենքից լավ էր գլուխ  հանում։ Որդիս  44 օր կռվել է թեժ հատվածներում։ Ամբողջ պատերազմի ընթացքում Սաքս ինձ հավատացրեց և համոզեց, որ չանհանգստանամ, ամեն ինչ լավ է: Ես հանգիստ էի, բայց վերջին զանգից հետո սրտումս անհանգստություն զգացի։ Իսկ հաջորդ օրը, երբ արդեն մութն ընկնում էր, իսկ տղաս դեռ չէր զանգել, էլ ավելի անհանգիստ էի: Մայրական սիրտս ինչ-որ կանխազգացում ուներ, բայց չէի ուզում հավատալ, որովհետև ինձ որդիս ասել էր՝ մամ, անպայման գալու եմ, չկասկածես: Երբ նկատում էր, որ ձայնս մի փոքր հուզված է, ասում էր՝ մամ, գիտես, չէ՞, որ մենք շատ կապված ենք, եթե տրամադրությունդ տեղը չլինի, ես դա կզգամ, իսկ դու չես ուզում, չէ՞, որ ես տխրեմ և թուլանամ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Սարգիս Թոմբուլյանի մայրը՝ Անահիտ Սահակյանը:

Տիկին  Անահիտը պատմում է, որ Սարգիսը էությամբ խաղաղասեր էր, կյանքով լի և անվախ:

 
 

«Միշտ փորձում էր օգնել բոլորին, սակայն չէր սիրում, երբ իրեն էին օգնում: Մի օր ասաց՝ ուզում եմ հոգեբան դառնալ ու բանտերում գտնվող անչափահասներին օգնել. նրանք  հոգեբանական  օգնության կարիք ունեն, եթե սխալ են արել, չի նշանակում, որ ամբողջ կյանքում պետք է հետք մնա իրենց կյանքում։

Սարգիսի կարգախոսն էր՝ դու քեզ պիտի  սիրես, իսկ դիմացինիդ սիրիր այնպես, ինչպես կա, պետք չէ դնել քառակուսու մեջ:

Ամեն օրը անցկացրել է լիարժեք, երբեք ժամանակը անիմաստ չէր անցկացնում: Գրքասեր էր, բայց հիմնականում ռուսերեն թարգմանությամբ գրքեր էր  կարդում։ Ծառայության ընթացքում շատ գրքեր եմ ուղարկել, եթե մեկը խնամքով չվերաբերվեր իր գրքերին, թույլ չէր տա վերցնեին»,- պատմում է հերոսի մայրը:

 

Սարգիս Թոմբուլյանը նոյեմբերի  1-9-ը  կռվել է Մարտունու շրջանի Կարմիր շուկայում, որտեղ էլ և անմահացել է նոյեմբերի 9-ի լույս 10-ին դասակի հրամանատարի և ծառայակից ընկերների հետ։

«Վերջին անգամ տղայիս հետ  խոսել եմ նոյեմբերի 9-ին՝ երեկոյան ժամը 7-ին:

Նոյեմբերի 7-9-ը ավելի լարված ժամանակահատված է եղել իրենց մոտ, բայց երբեք հեռախոսով զրուցելու ընթացքում զգացնել չի տվել, այլ միշտ բարձր տրամադրությամբ էր խոսում և ասում էր, որ լավ է, ամեն ինչ լավ է: Այնտեղ պայքարել են մոտ տասը օր, և նոյեմբերի 9-ին՝ հրադադարի օրը,  կեսգիշերն անց Սաքս  զոհվել է։  Հավատում էի, որ մայրական աղոթքս և օրհնանքս որդուս  հետ է, շատ փորձանքներից է փրկվել, բայց վերջինը եղավ ճակատագրական թե՛ իր, թե՛ բոլորիս համար»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Սարգիս Թոմբուլյանի մայրը:

Սարգիս Հակոբի Թոմբուլյանը ծնվել է 2000թ. դեկտեմբերի 30-ին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ծրագրավորում բաժնում: Ուսումը  կիսատ թողնելով՝ 2019թ. հունվարի 31-ին զորակոչվել է բանակ:

Ծառայել է Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամասում, 44 օր մասնակցել է  թեժ մարտերին: Զոհվել է  նոյեմբերի  9-ի լույս 10-ին:

Սարգիս Հակոբի Թոմբուլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության» մեդալներով:

Անահիտ Չալիկյան



loading...