Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից


Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից
Հունվար 14 23:04 2022

Արմեն Սարգսյանի արտասահմանյան այցերի վրա ծախսվող գումարները թաքցվում են հանրությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Դեռևս նախորդ տարեվերջին պատգամավորական հարցում էի ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին՝ հետաքրքվելով, թե ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը

1․ 2021 թ․ ընթացքում ընդհանուր առմամբ քանի՞ արտասահմանյան այց է կատարել։

2․ Ընդհանուր առմամբ՝ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի համար։

3․ Այցերից յուրաքանչյուրի համար որքա՞ն գումար է ծախսվել։

4․ Ի՞նչ միջոցներից են ծախսվել այդ գումարները։

5․ Ի՞նչ կոնկրետ արդյունքներ են արձանագրվել այցերից հետո։

Այսօր ստացել եմ պաշտոնական պատասխանը, որում բավականին մանրամասն ներկայացված է, թե որ երկիր է այցելել Արմեն Սարգսյանը և ինչ հարցեր է այնտեղ քննարկել։ Սակայն, ուշադրությո՛ւն․ թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ծախսվել այդ այցերի և դրանցից յուրաքանչյուրի համար, նախագահականից չեն պատասխանել; Նշել են միայն՝

Գործուղման ծախսերն իրականացվել են՝

1) համաձայն «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման, որը հասանելի է minfin.am կայքի «Պետական բյուջե» բաժնում.

2) հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Ահա սա՛ է Սահմանադրությամբ մեզ պարտադրված ՀՀ նախագահը, ում գործուղումները, ըստ հիմնավոր կասկածների, բավականին թանկ են նստում հարկատուներիս վրա և ում արտասահմանյան վոյաժների վրա ծախսվող գումարների չափը չի ներկայացվում հանրությանը»,- գրել է Մանուկյանը։

 



loading...