Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում կհյուրընկալվի Կիպրոսի ընտրանուն։
Այսօր Կիպրոսում կայացած նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է վաղվա հանդիպման մասին։
«Կորուստները շատ են․ ուղիղ 10 ֆուտբոլիստ, ովքեր կարևոր էին հավաքականի համար։ Բայց, այդ կորուստները ունենալով, կարողանում ենք մարտական թիմ ստանալ, կոմպենսացնել։ Ունենք դժվարություն, բայց կարողանում ենք շատ հարցեր հաղթահարել, շարժվել առաջ։
Հասցրել ենք մեծ աշխատանք տանել, անհատական, հոգեբանական։ Ցավալի պարտություն էինք կրել։ Մինչև վաղը կստացվի թիմին նախապատրաստել վաղվա խաղին։
Գիտենք, որ պրոֆեսիոնալ ենք։ Պետք է աշխատանք տանենք, Չեռնոգորիայի հետ խաղում պարտությունից հետո, այդ հոգեբանական հարվածից հետո կանգնել ոտքերի վրա և կռիվ տալ հաջորդ խաղում։ Մենք ամեն ինչ կանենք, որ դա մոռանանք ու մտածենք երեք միավորի մասին։
Վերլուծել ենք մրցակցին, ունեն անհատապես լավ ֆուտբոլիստներ, կառանձնացնեմ թիմի ավագին, աջ վինգերին, ունեն ձախ վինգեր, ով խաղում է «Ցրվենա Զվեզդայում», լավ հարձակվող, ունեն ձեռագիր։ Երևում է, որ մարզիչը աշխատանք է տանում։ Հեշտ մրցակից չէ, նրանց բախտը չբերեց հաղթել Լատվիային, մեծ առավելություն ունեին։ Գիտենք մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը»,- ասել է Մելիքյանը։
Չանչարևիչի և Շաղոյանի բացակայության մասին
«Սա ամենասուր հարցն է։ Եթե դժգոհությանը նայենք, Չանչարևիչի խաղի մասին, ասեմ՝ Ավագյանը 6 խաղի է մասնակցել հավաքականում, վեցն էլ պարտվել է։ Եթե այդ դատողությամբ նայենք, Ավագյանից պետք է հրաժարվել։ Իսկ Չանչարևիչի համար առաջին պարտությունն էր իր վերջին 4 խաղում։ Բայց մենք այդպես չենք դատում, ոչ ոքից չենք հրաժարվում, ուղղակի նա վնասվաք է ստացել։ Այդ իսկ պատճառով չի եկել մեզ հետ։ Պետք չէ քաղաքականացնել, տանել ուրիշ դաշտ։ Մենք չունենք այդքան ռեսուրս, որ մեկ-երկու խաղ և հրաժարվենք։ Պետք է պատճառները գտնել, վերլուծել, աշխատել ու շարժվել առաջ։
Շաղոյանի մասով․ նա հայտացուցակում չէ, որովհետև նախորդ խաղերի հայտացուցակում չէին Կարեն Նալբանդյանը, Նարեկ Աղասարյանը և այլն։ Դա ընդամենը ռոտացիա է»,- նշել է Մելիքյանը։
Նշենք, որ վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Զուգահեռաբար կընթանա նաև խմբի մյուս՝ Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումը։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։
Աղբյուրը`ArmSport.am










