Երևանում մարդատար ГАЗель-ի վարորդը հարվածել է շանը, ապա բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ. shamshyan.com


Երևանում մարդատար ГАЗель-ի վարորդը հարվածել է շանը, ապա բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ. shamshyan.com
Դեկտեմբեր 2 15:17 2021

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Լիդոկոլ» ընկերության դիմաց, բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Mercedes Sprinter-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում աաջին օգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի համանատար Արամ Դադոյանն ու նույն գումարտակի 3-րդ վաշտի համանատար Գևորգ Թորոսյանը: Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Երանոսյանը, Նորայր Մուրադյանն ու Դավիթ Մնացականյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մարդատար ГАЗель-ը, որը Երևան-Աբովյան երթուղին է սպասարկում, դեպի Աբովյան ընթանալիս փորձել է խույս տալ ճանապարհին հայտնված շանը, սակայն հարվածել է նրան, ապա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ու բախվել կայանված Mercedes Sprinter-ին: Հարվածի հետևանքով շունը տեղում սատկել է:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության վթարային մասնագետ Արմեն Սաֆարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: