Նիկոլ Փաշինյանը կառուցում է սեփական դղյակը


Նիկոլ Փաշինյանը կառուցում է սեփական դղյակը
Նոյեմբեր 24 21:52 2021

Հոգեվերլուծության սկզբնավորումից ի վեր բազմաթիվ ականավոր գիտնականներ հսկայածավալ աշխատություններով անդրադարձել են անձի վարքագծի ու գործողությունների վրա ենթագիտակցության ազդեցությանը՝ փորձելով ապացուցել, որ շատ հաճախ մարդուն այս կամ այն քայլին դրդում են ոչ միայն և ոչ այնքան գիտակցական, որքան հենց ենթագիտակցական մղումները։Գիտակցությունն ինչ-որ իմաստով պաշտպանիչ նշանակություն ունի մարդու կյանքում և հիմնականում թաքցնում է ենթագիտակցական այնպիսի ցանկություններ, որոնց արտահայտումը պատեհ չէ կամ կարող է սխալ ընկալվել։ Բայց եթե գիտակցությունը թաքցնում է մարդու ենթագիտակցական մղումների արտաքին արտահայտությունները, ապա նրա գործողություններն ավելի հաճախ մատնում են դրանք։ Դա վերաբերում է նաև, իսկ առաջին հերթին՝ քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին, ինչը լավագույնս ապացուցում է Նիկոլ Փաշինյանի օրինակը։

Նա տարիներ, տասնամյակներ շարունակ պայքարել է կամ ցույց է տվել, որ պայքարում է արատավոր երևույթների, թալանի, կոռուպցիայի, կաշառակերության և այլնի դեմ։ Գուցե պայքարի սկզբնական փուլերում նա եղել է անկեղծ, բայց հետագա ընթացքը ցույց է տվել հակառակը։

Իշխանության գալով՝ Փաշինյանն իր գործողություններով ցույց է տվել, որ երիտասարդ տարիքում իրականում պայքարել է այդ երևույթների դեմ ոչ թե այն պատճառով, որ դրանք համարել է արատավոր ու պետության համար կործանարար, այլ որովհետև դրանով զբաղվել են այլք և ոչ թե՝ ինքը։ Այսինքն՝ իրականում Նիկոլ Փաշինյանը պայքարել է ոչ թե իր պայքարի թիրախները վերացնելու, այլ նույն այդ արատների շահառու դառնալու համար։

Օրինակները բազմաթիվ են։ Նա մշտապես քննադատել է թիկնազորով շրջելու պաշտոնյաների վարքագիծը, դրա համար անարգանքի սյունին է գամել նրանց բոլորին, ընդ որում՝ բոլոր հնարավոր ամբիոններից, բայց այսօր՝ արդեն իշխանության գալով, շրջում է նախկինում իր քննադատության թիրախների համեմատ բազմապատիկ ավելի մեծ թիկնազորով։

 

Նիկոլ Փաշինյանը տիեզերական աղմուկ էր բարձրացնում Սերժ Սարգսյանի լուսանկարը պաշտոնյաների աշխատասենյակներում փակցնելու պատճառով, իսկ հիմա նրա իսկ լուսանկարները կախված են բոլոր գերատեսչությունների անգամ պահակակետերում։

Նիկոլ Փաշինյանը նախկիններին քննադատում էր ծանոթ-բարեկամներին պաշտոնների նշանակելու համար, հիմա նրա ողջ ազգուտակը՝ քավորից մինչև աներորդի, իրենց ուրույն տեղերն են զբաղեցնում պետական, տեղական ինքնակառավարման և բազմաթիվ այլ ոլորտներում։

Նա ստորակետի ճշտությամբ հաշվում էր նախկին իշխանությունների օրոք կոռուպցիոն սխեմաներով բյուջեից ծախսված միջոցները, այսօր նրա անձնական աշխատակազմի ընդամենը միջին կարգի մի պաշտոնյա ու խորհրդարանի մի ամբողջ խոսնակի եղբայր միլիոնավոր դոլարների տենդերներ են ստանում մեկ անձից կատարվող գնումների միջոցով։

Օրինակները շատ են, բայց բոլորը՝ տարբեր դրսևորումներով, վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները մեծապես ու առավելապես պայմանավորված են նրա ենթագիտակցական մղումներով, նա անում է այն, ինչը քննադատել է նախկինում, որովհետև այն ոչ երանելի ժամանակներում երանությամբ է վերաբերվել «թալանող», «գռփող», «մսխող», «հարստահարող» և այլ բնույթի պաշտոնյաներին, որոնց տեղը հիմա զբաղեցրել է ինքը։

Բայց Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության գոհարները եղել են պաշտոնյաների դղյակները, որոնց նկատմամբ նա ժամանակին ուներ առանձնահատուկ ատելություն։ Իսկ դա նշանակում է, որ այսօր, հենց այս պահին նա զբաղված է սեփական դղյակի շինարարությամբ՝ բառի ոչ միայն ուղիղ, այլ նաև փոխաբերական իմաստով։ Ամենևին պարտադիր չէ, որ այդ դղյակը գտնվի Մոնումենտում կամ Սևանի ափին, այն կարող է լինել Օդինցովոյում կամ Օնտարիո լճի ափին։

Կարևորը, սակայն, ոչ թե դրա գտնվելու վայրն է, այլ այն, որ այդպիսով կբավարարվի Նիկոլ Փաշինյանի հերթական, բայց գուցե ամենամեծ ենթագիտակցական մղումը և կիրագործվի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» իրական նպատակը։



loading...