Մենք ապրում են աշխարհից մեկուսացած, չորս կողմից շրջապատված ադրբեջանցիներով և հույս ունենք, որ գոնե ուխտավորների այցելությունները Դադիվանք կվերականգնվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դադիվանքում հոգևոր ծառայություն իրականցնող Հայր Աթանաս Սարգսյանը:
«Վանքի պարիսպներից ներս մենք ժամերգություններ, պատարագներ ենք անում։ Օրվա մնացյալ ժամերին էլ ընթերցանությամբ ու գիտական աշխատանքներով ենք զբաղվում։ Ցանկանում ենք, որ գոնե ուխտավորների այցերը վանք վերականգնվեն: Հնարավորություն ունենայինք նրանց հետ կրկին շփվելու, արարողություններ անցկացնելու: Հիմա մենք աշխարհից մեկուսացած ենք, չորս կողմից շրջապատված ադրբեջանցիներով ու անորոշության մեջ»,- նշեց նա:
Պատերազմի ավարտից հետո մինչև մայիսի 2-ը ուխտավորները վանքում շատ արարողությունների են մասնակցել: Դադիվանքում այդ ընթացքում նաև հարսանիքներ և մկրտություններ են անցկացվել:
«Սկզբում մուտքը հայ ուխտավորների համար ազատ էր, անգամ իրենց մեքենաներով կարող էին գալ, բայց գնալով ուխտավորների թույլատրելի թիվը կրճատում էին, ապրիլից էլ տարբեր պատճառներով չեղարկում էին արդեն պլանավորած ուխտագնացությունները»,- ասաց Հայր Աթանասը։
Հայր Աթանասի խոսքով՝ մայիսի 2-ից հետո Դադիվանքի միակ այցելուները ուդիներն ու ադրբեջանցիներն են:
«Հարևան գյուղում տեղակայված ադրբեջանցիներն իրենց երաժշտությունն են բարձր միացնում, վիրավորական արտահայտություններ են հնչեցնում, որոնք վանքի պատերից ներս էլ լսելի են»,- հավելեց Հայր Աթանասը։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ադրբեջանական կողմն արգելել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք: Այնտեղ այժմ հոգևոր ծառայություն է անցկացնում վեց սպասավոր: