Կորոնավիրուսով վարակվածների 0.7%-ն է կրկին վարակվել Covid-ով, բայց ԱՆ-ն պնդում է՝ բնական իմունիտետը պատվաստմանը խոչընդոտ չէ


Կորոնավիրուսով վարակվածների 0.7%-ն է կրկին վարակվել Covid-ով, բայց ԱՆ-ն պնդում է՝ բնական իմունիտետը պատվաստմանը խոչընդոտ չէ
Հոկտեմբեր 13 21:33 2021

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ընդամենը 1885 դեպք։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Փաստենք, որ նույն օրվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսով ընդհանուր առմամբ հիվանդության 268.672 դեպք։

«Կորոնավիրուսային հիվանդության համավարակի սկզբից մինչ հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում (առաջին և երկրորդ ՊՇՌ թեստավորման արդյունքների տարբերությունը 90 օր) արձանագրվել է 1885 կրկնավարակի դեպք»,- նշված է նախարարության պաշտոնական գրության մեջ։

Այսինքն՝ կրկնավարակի թիվը փաստացի հիվանդացածների թվից կազմում է 0.7%, ինչը վկայում է, որ բնական իմունիտետը լավագույնս է պայքարում համավարակի դեմ, սակայն հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում նախարարի հրամանը, որով քաղաքացիները աշխատանքի պետք է ներկայանան կա՛մ թեստավորված, կա՛մ պատվաստված՝ հաշվի չառնելով արյան մեջ հակամարմինների քանակը։

Նախարարությանը խնդրել էինք պատասխանել, որ բնական իմունիտետ՝ հակամարմին ունենալու դեպքում արդյո՞ք պարտադիր է պատվաստումը։ Առավել եւս, երբ կրկնավարակի հավանականությունը խիստ ցածր է, ինչին ի պատասխան ԱՆ-ն պնդել է, թե նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստումներ ստանալու համար։

«Ապացուցողական բժշկության տվյալներով չկա հակամարմինների սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստումներ ստանալու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը»,- գրավոր հայտնել են ԱՆ-ից, սակայն խուսափել ասել, թե պատվաստվելուց հետո ՀՀ-ում քանի անձի մոտ է գրանցվել կորոնավիրուս ու ինչ ծանրության։

Նշենք, որ «Փաստինֆո»-ն ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էր նաեւ տեղեկություն տրամադրել թե կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստվելուց հետո քանի՞ անձ է վարակվել կորոնավիրուսով, քանի՞սն են հոսպիտալացվել, իսկ քանի՞սը՝ մահացել։ Հոկտեմբերի 13-ին ԱՆ-ից ստացված գրության մեջ նշվում է, թե տվյալներն ամփոփվում են։

«Կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած անձանց շրջանում պատվաստումներ ստացածների վերաբերյալ վիճակագրությունն այս պահին ամփոփման փուլում է»,- ասված է պաշտոնական պատասխանում։

Նկատենք, որ նման պաշտոնական վիճակագրություն տրամադրելու վերաբերյալ գրավոր հարցմամբ ԱՆ-ին դիմել էինք նաեւ օգոստոսին եւ ամիսներ առաջ եւս առողջապահության նախարարությունը հայտնել էր, թե «պատվաստված և պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակված դեպքերի վերաբերյալ վիճակագրությունն ամփոփման փուլում է»։ Ասել է թե՝ անցած 2-3 ամիսների ընթացքում նախարարությանը չի հաջողվել ամփոփել վիճակագրությունը, ինչը ցուցանում է, որ կամ այդ ոլորտում ուղղակի ամենաթողություն է տիրում, կամ էլ ցուցանիշն այնքան մտահոգիչ է, որ առողջապահության նախարարությունն ուղղակի դրանք թաքցնում է հանրությունից։

Այս վարկածի հիմնավորվածության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ պատվաստված անձանց շրջանում ոչ միայն կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել, այլ նաեւ մահվան դեպք, ինչի մասին հայտարարել է առողջապահության նախարարն անձամբ։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում՝ հոկտեմբերի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան 1 դեպք է գրանցվել: 80-ամյա տղամարդը, ըստ նախարարի, կորոնավիրուսից է մահացել՝ պատվաստումից հետո։ Ի տարբերություն նշենք, որ կրկնակի վարակված անձանց շրջանում նման ծանր ելքի մասին առողջապահության նախարարությունն իր գրությամբ չի հայտնել։

Պարտադիր դարձած պատվաստումների շրջանում չի վերահսկվում նաև քաղաքացու առողջական վիճակը։ Բացի նրանից, որ հաշվի չիր առնվում արյան մեջ հակամարմինների քանակը, պատվաստվելով կորոնավիրուսի դեմ, քաղաքացիները նաև որևէ պարտադիր հետազոտություն չեն անցնում։

«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքորոշումների և Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ոլորտում գործող նորմատիվ-իրավական ակտերի պահանջների՝ պատվաստումից առաջ որևէ լաբորատոր, այդ թվում՝ իմունաբանական հետազոտություն իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- հայտնել են նախարարությունից։

Իսկ թե այդ դեպքում ինչպես են պարզում քաղաքացու մոտ կա արդյոք պատվաստվելու հակացուցում, թե ոչ՝ ԱՆ-ն չի մանրամասնել։