Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ամսվա մեջ 7 զորավարժություն են անում, իրենք պատրաստվում են բոլոր հնարավոր սցենարների, այդ թվում՝ ուժի կիրառման. Տաթևիկ Հայրապետյան


Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ամսվա մեջ 7 զորավարժություն են անում, իրենք պատրաստվում են բոլոր հնարավոր սցենարների, այդ թվում՝ ուժի կիրառման. Տաթևիկ Հայրապետյան
Հոկտեմբեր 13 20:30 2021

Ադրբեջանի ղեկավարությունն ամեն բան անում է՝ խաղաղության կեղծ թեզ ստեղծելու և միջազգային գործընկերների աչքին թոզ փչելու համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Նշենք, ըստ ադրբեջանական մամուլում տարածված լուրերի, Ադրբեջանում պետական ծրագիր են կազմակերպում «ղարաբաղյան հայերին Ադրբեջանին ինտեգրելու վերաբերյալ», որի հիմքում իբրև թե «երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության ապահովումն է»: Հատկանշական է, որ Ադրբեջանը «խաղաղ գոյակցության» մասին խոսում է արցախցի խաղաղ բնակիչ սպանելուց ընդամենը մի քանի օր անց:

Իմքայլական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանն ամեն բան անում է՝ բացառապես միջազգային հանրության մոտ «խաղաղասերի» կեղծ տպավորություն թողնելու համար, ցույց տալու՝ իբրև թե քայլեր են ձեռնարկում հնարավոր խաղաղ գոյակցության համար, մինչդեռ Ադրբեջանի նախագահի բազմաթիվ ելույթները և տարվող քաղաքականությունը խոսում են հակառակի մասին.

«Այն հանգամանքը, որ պատերազմից մեկ տարի անց մենք գերիներ ունենք Բաքվում, որոնց ճակատագրերն անորոշ են, սա խոսում է այն մասին, թե ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը հայ ժողովրդի նկատմամբ և հայկական պետության նկատմամբ: Այս ամենը արվում է պարզապես միջազգային հանրության համար: Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում ունեցած փորձից գիտեմ, որ իրենք միշտ մեր միջազգային գործընկերներին կեղծ թեզեր են ներկայացնում՝ պայմանական բազմամշակութայնության հետ կապված, և դրա ներքո ցույց են տալիս են, թե իրենք շատ տոլերանտ են: Իհարկե, այդ պատկերը փոխվում է, երբ մեր միջազգային գործընկերներին ներկայացնում ես հստակ պարբերություններ Ալիևի ելույթից, հակառակը փաստող և ցույց ես տալիս, որ այդ երկրում պետական մակարդակով հակահայկականություն է քարոզվում»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը և շեշտեց, որ կարևոր է նաև հայկական կողմի համարժեք աշխատանքը՝ իրականությունը ցույց տալու համար:

Հարցին՝ թե հայկական կողմի իշխանությունները միջազգային հանրության մոտ Ադրբեջանի վարած կեղծ խաղաղասիրական քաղաքականությունը բացահայտելու ուղղությամբ համարժեք քայլեր անո՞ւմ են, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց.

«Դա տարբեր իրավիճակներում պետք է դրսևորվի, օրինակ` ժամանակին ԵԽԽՎ-ում իմ ելույթներից մեկի ժամանակ, երբ ադրբեջանական կողմը պնդում էր, թե գերիներին վերադարձրել են, ես ընդամենը պարբերություն ներկայացրի Ալիևի և Էրդողանի կնոջ միջև խոսակցությունից և դա ամբողջ տրամադրությունը փոխեց քննարկման ժամանակ:

Շատ հաճախ գործընթացները փակ են տեղի ունենում, և մենք չենք կարող կողքից նայելով գնահատական տալ: Ես հույս ունեմ, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներն համարժեք աշխատանք կտանեն այդ տեսանկյունից:Խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես կարևոր գործիք է ընդհանուր արտաքին քաղաքականություն իրականացնելու համար»,-ասաց նախկին պատգամավորը:

Մինչ Ադրբեջանի նախագահն ամեն օր սպառնալից հայտարարություններ է հնչեցնում հայ ժողովրդի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, միտումնավոր ահաբեկում և սպանում է մեր խաղաղ բնակիչներին, խոշտանգում է մեր գերիներին, Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու» գաղափարից , անգամ դրա համար Հայաստանի շահերից չբխող զիջումների են գնում:

Թե ի՞նչպես է վերաբերվում հայկական կողմի վարած այս քաղաքականությանը հարցին ի պատասխան պատգամավորն արձանագրեց, որ ռազմատենչ հայտարարություններ անելը չի բխում մեր շահերից, միևնույն ժամանակ ընդգծեց, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում միակողմանի խաղաղություն չի կարող լինել.

«Ադրբեջանն ու Թուրքիան էլ են խոսում խաղաղության մասին, անգամ խաղաղության պայմանագիր կոչվածն են դնում սեղանին, բայց դա իր հստակ պայմաններն ունի, որը հայկական կողմի համար ուղղակի ընդունելի չի կարող լինել, որովհետև իմ դիտարկմամբ, դա հայկական պետականության ավարտի մասին առաջարկ է: Խնդիրն այն է, թե դու ի՞նչ բովանդակություն ես դնում այդ օրակարգի մեջ: Մենք չենք կարող պատերազմական հռետորաբանություն տանել կամ ռազմատենչ հայտարարություններ անել, մենք այն իրավիճակում չենք, որ նման հայտարարություններով հանդես գանք, պետք է իրավիճակը հստակ գնահատենք, բայց միևնույն ժամանակ, եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա այդ խաղաղության ներքո պետք է հստակ բովանդակություն դնել՝ քո պետական շահերի վրա հիմնված: Պետք է հստակ հասկանալ՝ի՞նչ ես հասկանում խաղաղության ներքո: Օրինակ՝ այն ճանապարհը, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է, եթե այդտեղ երեխաներ են անցնում և նրանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություներ են հնչում, դա խաղաղության տանող ճանապարհ չէ: Սա այն է, ինչի դեմ պայքարել ենք թե 90-ականներին, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, ի վերջո այս բարդ և բազմաթիվ կյանքեր տարած պայքարի հիմքում հենց արժանապատիվ ապրելու իրավունքն է՝ արցախահայության և հայ ժողովրդի համար»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը և ընդգծեց, որ խաղաղության հիմքում պետք է հստակ չափորոշիչներ լինեն:

Զրուցակիցը նաև ընդգծեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմի քայլերը փաստում են այն մասին, որ նրանք պատրաստ են բոլոր հնարավոր սցենարների, անգամ՝ուժի կիրառմանը, ուստի հայկական կողմը հստակ պետք է գնահատի առկա բոլոր ռիսկերը

«Նույնիսկ ամենաազնիվ ցանկությունների դեպքում խաղաղությունը միակողմանի կառուցվել չի կարող, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները գալիս են վկայելու, որ եթե այս երկու պետությունները մեկ ամսվա մեջ 7 զորավարժություն են անում, իրենք պատրաստվում են բոլոր հնարավոր սցենարների, այդ թվում՝ ուժի կիրառման սցենարի: Դա չդիտարկելը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, անվտանգության առումով սա ուղղակի շատ վտանգավոր է »,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը: