Ի՞նչ ճակատագրի են արժանացել բյուջեից դուրս գրված միլիոնները. հայկական թեստերի ոդիսականը


Ի՞նչ ճակատագրի են արժանացել բյուջեից դուրս գրված միլիոնները. հայկական թեստերի ոդիսականը
Հոկտեմբեր 13 19:58 2021

2020 թվականի ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց իր օրոք արձանագրված հերթական «աննախադեպության» մասին՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն սկսելու, որն իրականացվելու էր ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։ Հրապարակվեց տեղեկություն, որ կառավարությունը 550 հազար դոլար է տրամադրում՝ թեստերի ստեղծման համար նյութեր ձեռք բերելու նպատակով: Այնուհետև եղան սպասումներ․ թեստերն էին մշակում, հետո էլի սպասումներ, որ ԱՆ ենթակայությամբ գործող Հիվանդությունների վերահսկման ՊՈԱԿ-ը կփորձարկի ինստիտուտի մշակած թեստերը, եւ դրական եզրակացության դեպքում առաջիկայում կսկսվի հայաստանյան թեստերի մասսայական արտադրությունը: Ենթադրվում էր, որ ինչ-որ պահից սկսած Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը հայտնաբերվում են տեղական արտադրության թեստերով։ Սակայն, մամուլը գրում էր, որ առ այսօր տեղական արտադրության թեստերը չեն օգտագործվում՝ ինչ-ինչ պատճառներով: Հայաստանն էլ շարունակում է թեստերի նոր խմբաքանակներ ձեռք բերել արտերկրից:

Սակայն, ուշագրավն այստեղ այն է, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը հայտարարում է՝ ՀՀ Կառավարությունից ստացել են 250․000 ԱՄՆ դոլարի նյութեր, որպեսզի մատակարարեն 100․000 թեստ, այսինքն 1 թեստի արժեքը՝ 2.5 դոլար է:  Գումարի մյուս մասից իրենք տեղյակ չէին, և տնօրենը մամուլի ներկայացուցիչներին խորհուրդ էր տալիս ճշտել՝ նախարարությունից, պարետատնից: Մնացած 250 հազար դոլարի ոդիսականը դեռևս պարզված չէ՝ ուր է գնացել և ինչի վրա է այն ծախսվել: Ինչու այդպես էլ  հայկական թեստերի արտադրությունը չդրվեց ռելսերի վրա, համաձայնեք, եթե դրվեր՝ այսօր քաղաքացիները ոչ միայն հսկայական գումար չէին ծախսի թեստավորման վրա, այլ նույնիսկ կարող էին դա անել անվճար: Սակայն, թեստ ներկրող և վաճառող ընկերությունները այս ընթացքում գերշահույթներ են ապահովել, ինչը չի հուզում անգամ ՏՄՊՊՀ-ին:

Lurer.com