Հայաստանը երբեք չի բանակցել եւ չի բանակցի միջանցքի շուրջ. Արմեն Գրիգորյան


Հայաստանը երբեք չի բանակցել եւ չի բանակցի միջանցքի շուրջ. Արմեն Գրիգորյան
Հոկտեմբեր 13 17:42 2021

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կտրականապես մերժել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կովկասի հարավային մասերում նոր միջանցքներ ստեղծելու պլանները:

Գրիգորյանն իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ վերջին պատերազմը ճանապարհ հարթեց տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար:

Մտահոգություններ հայտնելով տարածաշրջանում ահաբեկիչների եւ որոշ երկրների զինված ուժերի առկայության կապակցությամբ՝ նա ասել է. «Մենք միշտ նախազգուշացրել ենք մյուսներին այդ խնդիրների մասին: Բայց այդ նախազգուշացումները չօգնեցին կանխել ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան»:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի ճանապարհների եւ տնտեսական ուղիների արգելափակման հարցը նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եւ քննարկվել է նաեւ այս տարվա հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Ուզում եմ ընդգծել, որ ոչ այս երկու հայտարարություններում, ոչ հանդիպումներում միջանցքի հարցը չի հիշատակվել»,- վստահեցրեց նա:

«Ցանկանում եմ հստակեցնել, որ Հայաստանը երբեք ոչինչ չի առաջարկել եւ չի առաջարկի միջանցքի վերաբերյալ, եւ այն երբեք չի բանակցել եւ չի բանակցի միջանցքի շուրջ»,- ընդգծեց Գրիգորյանը: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ այս հարցում Երեւանի դիրքորոշումը վերահաստատել է իր գործընկերների հետ հանդիպումներում 

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան ընտրություններից առաջ եւ Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հասկացրեց, որ միջանցք ստեղծելու մասին խոսք չի լինելու»,- հավելել է նա:

«Դուք գիտեք, որ վերջին ընտրություններին մենք հավաքեցինք ձայների մեծամասնությունը: Սա վկայում է այն մասին, որ մեր դիրքորոշումն ու քաղաքականությունն ընդունվել եւ ընկալվել են հայ հասարակության կողմից, եւ մարդիկ պաշտպանում են մեր դիրքորոշումը: Նրանք նաեւ հասկացել են, որ միջանցքի մասին խոսք չկա»,- հավելել է Գրիգորյանը:

Պաշտոնյան նաեւ հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ բացել իր երթուղիներն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փոխադրումների համար, սակայն շեշտել է, որ այդ ուղիներն ամբողջությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո: