«Եթե իմ աշխատողին ես չթողնեմ աշխատանքի և պահանջեմ ՊՇՌ թեստ, նա հանգիստ կարող է գնալ տուն ու պահանջել աշխատավարձ». Արա Զոհրաբյան


«Եթե իմ աշխատողին ես չթողնեմ աշխատանքի և պահանջեմ ՊՇՌ թեստ, նա հանգիստ կարող է գնալ տուն ու պահանջել աշխատավարձ». Արա Զոհրաբյան
Սեպտեմբեր 23 14:45 2021

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով։

Քննարկումից հետո «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանն ասաց, որ քննարկման ժամանակ Առողջապահության նախարարը շատ հարցերի չպատասխանեց, այդ թվում՝ բժիշկների հարցերին, որոնք շատ կարևոր էին։

 
 

«Այստեղ էլ արձանագրվեց, որ այսօր հանրության մոտ կա վստահության պակաս պատվաստանյութի վերաբերյալ, քանի որ տարբեր պետություններ չեն ընդունում մյուսների պատվաստանյութերը, սա նշանակում է, որ մենք ևս մեկ անգամ պետք է զգուշանանք։ Սա նաև իրենց քաղաքական ու բիզնես շահերի հետևանքն է, հետևաբար՝ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք չենք հանդիսանում այդ բիզնես շահերի օբյեկտ, որովհետև ըստ մասնագետների, եթե պատվաստանյութը պատշաճ կլինիկական փորձարկում չի անցել, ստացվում է, որ մենք ինքներս փորձարկման օբյեկտ ենք։ Մեր Սահմանադրությունն արգելում է բժշկական փորձեր կատարել մարդու վրա՝ առանց իր համաձայնության»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը։

 

Անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշմանը, ըստ որի՝ քաղաքացիները կամ պետք է պատվաստվեն, կամ երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ հանձնեն, հակառակ դեպքում աշխատող քաղաքացիներին կարող են աշխատանքից հեռացնել, նա շեշտեց. «Սա խտրական մոտեցում է, քանի որ պատվաստված մարդը նույնպես վարակակիր է, այսինքն՝ կարող է վարակվել և վարակը փոխանցել։ Մեր նախաձեռնությունն իրավաբանների ու փաստաբանների խմբեր է ձևավորում, որպեսզի եթե աշխատողներին արգելեն աշխատանքի գնալ, մեր փաստաբանները նրանց անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերեն։ Հիմա եթե իմ աշխատողին ես չթողնեմ աշխատանքի և պահանջեմ ՊՇՌ թեստ, նա հանգիստ կարող է գնալ տուն ու պահանջել աշխատավարձ՝ հայտարարելով, որ իմ պատճառով չի աշխատում։ Եթե նույնիսկ չվճարեմ, նա դատական կարգով կարող է ստանալ»։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս համատեքստում գործատուները լուրջ խնդիրներ ունեն, քանի որ աշխատողը կարող է առանց ՊՇՌ թեստի գնալ աշխատանքի։

Ինչ վերաբերում է «Հանրային ծառայողների մասին» օրենքում կատարվող փոփոխությանը, ըստ որի, եթե հանրային ծառայողները չեն պատվաստվում կամ չեն հանձնում ՊՇՌ թեստ, ապա նրանց կարող են աշխատանքից ազատել, Արա Զոհրաբյանը նկատեց՝ այդ նախագիծը ՀՀ սահմանադրության հետ խնդիրներ ունի։



loading...