Մուրադովին փոխարինեց Կոսոբոկովը


Մուրադովին փոխարինեց Կոսոբոկովը
Սեպտեմբեր 9 13:28 2021

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: