Կանխվել է դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքը․ ՊԵԿ


Կանխվել է դեղորայքի ապօրինի ներմուծման հերթական դեպքը․ ՊԵԿ
Օգոստոս 20 11:33 2021

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, հայտնում են ՊԵԿ-ից։

Քրեական գործի նախաքննության ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բ.-ն, հանդիսանալով Երևան քաղաքում գործող երկու դեղատան տնօրեն, 2021 թվականի փետրվարին առանց հատուկ թույլտվության, շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ և Հայաստանում դրանց իրացմամբ: Այնուհետև որոշակի չափով գումարի վճարման խոստումով հիշյալ ապօրինի գործունեությանը վերջինս ներգրավել է իր մտերիմներին, որոնցից երկուսը իրենց կողմից վարվող բեռնատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել են նշված դեղորայքները և հանձնել Վ.Բ-ի տնօրինմանը, իսկ մյուս երկուսը զբաղվել են ապօրինի եղանակով ՀՀ ներկրված դեղորայքների պահեստավորմամբ և իրացմամբ:

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների և ԱԱԾ ծառայողների սերտ համագործակցության արդյունքում հստակեցվել են վերը նշված անձանց կողմից պլանավորված հաջորդ խմբաքանակ դեղորայքի ներմուծման ժամկետները և ամենօրյա համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել կանխել դեղորայքների՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծումը և հետագայում դրանց շրջանառությունն, ինչպես նաև՝ այլ կենցաղային իրեր, որոնք ներմուծվելուց հետո նույնպես հայտարարագրված չեն եղել:

 
 

Նախաքննությունը շարունակվում է: