Գորիսում 31 գլուխ անասուն անցել է Սև լճի հարակից տարածք, որի հարևանությամբ ադրբեջանական զորքերն են


Գորիսում 31 գլուխ անասուն անցել է Սև լճի հարակից տարածք, որի հարևանությամբ ադրբեջանական զորքերն են
Հուլիս 30 00:05 2021

Այսօր վաղ առավոտյան  Գորիս համայնքի բնակիչներին պատկանող 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ անցել էին Սեւ լճի հարակից տարածք, որն ըստ Գորիս խոշորոցված համայնքի  Հարթաշեն գյուղի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանի՝ չեզոք գոտի է, որի  հարեւանությամբ տեղակայված են ադրբեջանական զորքերը։

«Այսօր առավոտյան մարդիկ տեսել են, որ իրենց անասունները չկան։ Օրվա ընթացքում, բանակի կորպուսի հրամանատարության եւ զինվորների  ջանքերով՝ 31 խոշոր եղջերավոր անասուններն անվնաս վիճակում հայտնաբերվել ու վերադարձվել են իրենց տերերին»,– մեզ հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։

Հարթաշենի  վարչական ղեկավարն ասաց նաեւ, որ այսօր առավոտյան  իրենց գյուղի բնակիչներին պատկանող եւս 10 խոշոր եղջերավոր անասուն է կորել։

«Խիտ մառախուղ է, չեն կարողանում գտնել։ Կարծում եմ՝ մեր տարածքում է, ոչ թե հակառակորդի։ Սպասում ենք, որ երեկոյան ժամին, իրենց կթի ժամին հնարավոր է գան։ Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,– ասաց Հարթաշենի  վարչական ղեկավարը։

Քիչ անց մեզ հետ զրույցում Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ կորած 10 խոշոր եղջերավոր անասունները հայտնաբերվել են, դրանք կորել էին մառախուղի պատճառով։ 



loading...