Նոր ԱԺ-ի մեծահարուստները․ մաս 1-ին


Նոր ԱԺ-ի մեծահարուստները․ մաս 1-ին
Հուլիս 25 15:51 2021

 

8-րդ գումարման Ազգային Ժողովը ձևավորված է։ Օգոտոսի 2-ին տեղի կունենա նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը։ Ինչպես հայտնի է նոր ԱԺ-ում երեք  քաղաքական ուժ է ներկայացված լինելու։ «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Պատիվ ունեմը»-ը՝ 7։

Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դաշինքներն ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը Հայաստանում իշխանություն ու ընդդիմություն են լինելու, գոնե խորհրդարանական մակարդակով։

 
 

Ուշագրավն այն  է, որ այս երեք քաղաքական ուժերն էլ իրենց նախընտրական ցուցակներում ներառել էին մարդկանց, ովքեր անցնում են քրեական գործերով, օլիգարխներ են, ոմանք էլ ըստ մեղադրանքների՝ պետության հաշվին հարստացածներ։

Irakanum.am-ը առաջիկայում ներկայացնելու է նոր խորհրդարանի մեծահարուստ պատգամավորներին։ Ո՞վ, ինչ բիզնես գործունեություն է ծավալել, ինչպես է հնարավոր եղել բացառապես պետական պաշտոններ զբաղեցնելով բավականին մեծ հարստություն կուտակել։ Ըստ որդում վերոնշյալ ձևակերպումները վերաբերում են խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին բացառապես։

Այս անգամ ներկայացնում ենք «Հայաստան» դաշինքի մեծահարուստ պատգամավորներին։

Արմեն Գևորգյան։

Մինչև 2018 թ-ի իշխանափոխությունը 47-ամյա Արմեն Գևորգյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում։ Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 1997 թ-ին, երբ դարձել է այն ժամանակ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի օգնականը։

Քոչարյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, Գևորգյանը երկար տարիներ եղել է նախագահի օգնական, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2007 թ-ից ստանձել է ավելի բարձր պաշտոններ՝ ԱԱԽ քարտուղար, Տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ։ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակաշրջանում Գևորգյանը գործունեությունը շարունակել է ԱՊՀ կառույցներում, ապա 2013-ին կրկին ստանձնել Տարածքային կառավարման նախարարի, փոխվարչապետի պաշտոնները։ Մոտ 1․5 տարվա դադարից հետո՝ 2016-ի հունիսին, նա կրկին նշանակվել է ԱԱԽ քարտուղար, ապա շատ չանցած՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 2018-ի ապրիլին ստաձնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, որտեղից էլ հեռացվել է 1 ամիս չանցած։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը  նոր խորհրդարնում կլինի, նա նույնպես ահռելի կարողություններ է ձեռքբերել:

11 բնակարան միայն Երեւանի կենտրոնում ունի, ընդհանուր 3135  քմ եւ 2,3 միլիքարդ դրամ արժողությամբ, բիզնես տարածքներ Երեւանի կենտրոնում՝ ընդհանուր 2826 քմ եւ 2,4 միլիարդ դրամի արժողությամբ, ավտոկայանատեղիներ Երեւանի էլիտար շենքերում՝ ընդհանուր 462 քմ եւ 74 միլիոն դրամի արժողությամբ, ՀՀ տարածքում հողակտորներ՝ 22 հեկտար ու մոտ 26 միլիոն դրամի արժողությամբ, շենքեր, բնակարաններ, հողատարածքներ՝ 6492 քմ բազմաբնակարան 3 շենք, 4249քմ հողատարածք:

Վահե Հակոբյան․ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ

Պակաս ունեւոր չէ նաեւ  Վահե Հակոբյանը: Նա հայտարարագրել է 8 անշարժ գույք, բոլորն էլ՝ համատեղ սեփականության իրավունքով: Հակոբյանը հայտարարագրել է 1 բնակարան Իսպանիայի Ալիկանտե քաղաքում՝ 90 քմ մակերեսով, 2 բնակարան եւ 3 ավտոկայանատեղի՝ Երեւանի Դեմիրճյան փողոցում, 1 բնակարան եւ 1 հողամաս էլ՝ Վահագնի թաղամասում:

Որպես շարժական գույք Հակոբյանը հայտարարագրել է՝ «Lexus ES250», «Mercedes-Benz V250D» մակնիշի ավտոմեքենաներ եւ «Harley-Davidson» մոտոցիկլ։

Սյունիքի նախկին մարզպետը որպես թանկարժեք գույք հայտարարագրել է 17 հազար դոլար արժեքով «Hublot» ժամացույց, 11 միլիոն դրամանոց «Vacheron Constantin» ժամացույց, 12 միլիոն դրամանոց «Breguet» ժամացույց։ Բացի այդ, վերջինս հայտարարագրել է նաեւ Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը՝ 200 հազար դոլար արժեքով, Մարտիրոս Սարյանի յուղաներկ՝ 150 հազար դոլար արժեքով եւ Սարյանի «Սեւան» ջրանկար՝ 18 հազար դոլար արժեքով:

Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի խորհրդի անդամ է, եւ 1 տարվա կտրվածքով նրա եկամուտը կազմել է 72 միլիոն դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 9.8 մլն դրամ, 212 հազար եվրո եւ 408 հազար դոլար։ Վահե Հակոբյանը 10 տոկոս բաժնետոմս ունի «Քրոնիմետ մետալ թրեյդինք Սի Այ Էս» ՓԲԸ-ում:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան։

Վերջինս ԱԺ-ում կլինի «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը։

Մամուլի հրապարակումների համաձայն Օհանյանը ևս հսկայական կարողությունների տեր է։

Ըստ հրապարակումների

 

«Պիրամիդա» ժամանցի կենտրոն

Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար եղած ժամանակ 2002 թվականին քաղաքացիներ Տիգրան Մովսիսյանի եւ Շանթ Ալեքսանյանի հետ ստեղծել է «ՍՏՇ Պիրամիդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «ՍՏՇ» հապավումն էլ նրանց երեքի անվան առաջին տառերի միացությունն է: Մինչեւ 2005 թվականն այս ընկերության բաժնետերերի մեջ փոփոխություն է լինում եւ 2005-ին Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը դառնում է այդ ընկերության 55 տոկոս բաժնետեր: Երեւան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա»-ն սկզբում գիշերային ակումբ է եղել, որի հետ կապված մամուլում բազմաթիվ աղմկոտ հրապարակումներ են եղել: «Հետք» էլեկտրոնային պարբերականը մանրամասն անդրադարձել է «Պիրամիդա»-ի պատմությանը: Նշենք, որ այժմ այս սրճարանի տարածքի մի հատվածում մինչ օրս էլ ժամանցի կենտրոն է գործում, որտեղ ՀՀ քաղաքացիների մուտքն այդքան էլ ցանկալի չէ: Հյուրերի մեծ մասն օտարերկրացի են՝ հիմնականում Իրանից:

Սեյրան Օհանյանի առանձնատունը «Վահագնի» թաղամասում

2016 թվականին, երբ Սեյրան Օհանյանը դեռ պաշտպանության նախարար էր, մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ նա «Վահագնի» թաղամասում (Երեւան-Աշտարակ մայրուղու սկզբնամաս) շքեղ առանձնատուն է կառուցում: Պաշտպանության նախարար եղած տարիներին այս լուրը չի հերքվել:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է ընդամենը 18 միլիոն դրամ, իսկ որպես եկամուտ նշել է աշխատավարձը՝ 3.1 միլիոն դրամ եւ զինվորական թոշակը՝ 3.8 միլիոն դրամ:

Շարունակելի․․․։

Irakanum.am