Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս անգամ որոշել է պատգամավոր ընտրվել իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ցուցակով: Արսենյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով:
2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին Արսենյանը ՔՊԿ-ի ցուցակի անցողիկ տեղում է՝ 14-րդը:
Գուրգեն Արսենյանը պատգամավոր եղած տարիներին գրեթե միշտ պաշտպանել է «հարուստների շահերը»: Դեռևս 2014թ.-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր թանկարժեք ավտոմեքենաները ակցիզային հարկով հարկելու օրինագիծը, որը հասարակությանն ավելի հայտնի էր՝ «շքեղության հարկ», այն ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ինքը խոսելու է «հարուստների անունից»: Պատգամավորը քննարկման ժամանակ ասաց, որ թանկարժեք ավտոմեքենաները հարկելով` խփում ենք հարուստների գրպանին, ինչը որեւէ օգուտ չի տալիս աղքատներին:
Ինչպես 2014թ.-ին, այնպես էլ այժմ՝ Գուրգեն Արսենյանը հավանաբար որոշել է խորհրդարանում նորից ներկայացնել հարուստներին և պաշտպանել նրանց շահերը:
Գուրգեն Արսենյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մայիսի 1-ից մինչև 2021թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի գույքի և եկամուտների հայտարարագիր:
Ըստ հայտարարագրի՝ Գուրգեն Արսենյանը մեծ կարողություն ունի: Մասնավորապես՝ հայտարարագրել է 18 միավոր անշարժ գույք՝ շենք-շինություններ, հողատարածքներ: Շենքեր ունի Երևան, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, հողատարածքներ՝ Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Արմավիրի մարզում:
Բացի այդ, պատգամավորության թեկնածուն հայտարարագրել է 4 ավտոմեքենա՝ 2014-2019թթ. արտադրության: Ամենավերջին ավտոմեքենան 2019թ. արտադրության Bentley Bentayga 4.0T մակնիշի է:
Գուրգեն Արսենյանն ունի նաև թանկարժեք նկարների հավաքածու և ժամացույցներ: 19 նկար ունի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 532 մլն 900 հազար դրամ: Արսենյանի ամենաէժան նկարի արժեքը 10 մլն դրամ է եղել:
Հայտարարագրել է նաև թանկարժեք երկու ժամացույց, ոսկյա ձուլակտոր: Ժամացույցների ընդհանուր արժեքը կազմում է 133 մլն 300 հազ. դրամ, ձուլակտորինը՝ մոտ 32 մլն դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում Գ. Արսենյանի եկամուտը կազմել է 5 մլն 790 հազար դրամ, որը գոյացել է «Յունիքորն Գրուպ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժնից և վարձավճարից, ինչպես նաև 2 մլն 343 հազար դոլար, որի աղբյուրը «Արդշինբանկ» ՓԲԸ-ում ունեցած արժեթղթերն են ու նույն բանկից ստացած տոկոսները:
Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում: