Իրավիճակը հղի է ռազմական բախման վտանգով, իսկ ուսապարկերի հավաքածուն պահը չի կորցնում հանրությանը հերթական ստի չափաբաժինը հրամցնելու համար. Արմենուհի Կյուրեղյան


Իրավիճակը հղի է ռազմական բախման վտանգով, իսկ ուսապարկերի հավաքածուն պահը չի կորցնում հանրությանը հերթական ստի չափաբաժինը հրամցնելու համար. Արմենուհի Կյուրեղյան
Մայիս 16 23:25 2021

ՀՀ օրվա իշխանությունների ապաշնորհ կառավարման, ապազգային վարքագծի, հանցավոր, միտումնավոր սխալների ու անգործության արդյունքում Ադրբեջանն օգտագործել է իրեն հրամցրած հնարավորությունները, մեծացրել է զավթողական ախորժակն ու խախտել մեր երկրի տարածքային ամբողջականությունը՝ ներխուժել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը:

«Մեր երկրի համար անվտանգային մի շարք սպառնալիքներ են առաջացել․ ֆիզիկական, ջրային, տարածքային ամբողջականության։ Այս իրավիճակում ՀՀ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր սահմանների պաշտպանությունը, բայց կարծես նրանց համար հայրենիքի պաշտպանությունն իրենց առաջին պարտականությունը չէ: Օրվա իշխանություններն ավելորդ անգամ ապացուցում են, որ անկարող են ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Իրավիճակը հղի է ռազմական բախման վտանգով, իսկ ուսապարկերի հավաքածուն պահը չի կորցնում հանրությանը հերթական ստի չափաբաժինը հրամցնելու համար։ Մեկը նկարվում է իբր Սև լճի ֆոնին, մյուսը հայտարարում է, թե Սև լիճը մեր վերահսկողության տակ է, թե իբր թշնամին ընդամենը մոլորվել է»,-ասաց նա:

Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ օրվա իշխանություններն ավելորդ անգամ ապացուցում են, որ քանի կան Նիկոլն ու «նիկոլիզմ»-ը, շարունակվելու է մեր պարտությունը, պետականության կորուստը։ «Օրվա իշխանությունները ավելորդ անգամ ապացուցում են, որ պարտության ու խայտառակության խորհրդանիշ այս ապաշնորհ իշխանությունը չի կարող մեր երկրում հաստատել արժանապատիվ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն։ Օրվա իշխանություններն ավելորդ անգամ ապացուցում են, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայման է ազգային ու նոր որակի իշխանության ձևավորումը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիմելուն և ընդհանրապես միջազգային հանրության անդրադարձին, ՀՅԴ անդամն ասաց. «Արձագանքը ինչի՞ն, մեր իշխանությունների անգործությա՞նը։ Որպեսզի միջազգային հանրությունը կամ ՀԱՊԿ-ը համաչափ արձագանքեն, նախ անհրաժեշտ է, որ քո երկրի իշխանությունները համաչափ արձագանքեն թշնամու՝ քո սուվերեն երկրի տարածք ներխուժելուն։ Եթե ինքդ քեզ համար ոչինչ չես անում, ապա սպասել կամ միայն պահանջել ուրիշից աջակցություն, սխալ և կործանարար վարքագիծ է»:

Անդրադառնալով ընտրությունների չեղարկման հավանականությանը՝ նա նշեց, որ այս իշխանություններից ամեն տեսակ ստորություն սպասում է։ «Ինչպես 44-օրյա պատերազմից առաջ սրանք ոչինչ չարեցին պատերազմը կանխելու համար, ոչինչ չարեցին արդեն սկսված պատերազմն ավելի շուտ կանգնեցնելու և 5000-ից ավելի զոհերից խուսափելու, Արցախի շատ տարածքներ պահելու ուղղությամբ, այնպես էլ հիմա սրանք կարող են դիմել ամեն քայլի, միայն թե մեկ օր ավել մնան իշխանության, մեկ անգամ ավել երկարացնեն պարգևավճարներ ստանալու իրենց հնարավորությունը: Բայց պետք է հիշեցնեմ ուսապարկերին մի կարևոր բան․ դուք այլևս շանս չունեք երկիրը պատերազմի տանելու ճանապարհով հասնել ձեր իշխանության երկարացմանը։ Դեռ ավելին, դրանով Դուք կզրոյացնենք հետհաշվարկով ձեզ մնացած 30-ից մի քիչ ավել մնացած օրերը։ Հայաստանում կերտվելու է ամուր ազգային պետություն, Հայաստանում հաստատվելու է երկարատև արժանապատիվ խաղաղություն, Հայաստանում հաստատվելու է զարգացման իրական հնարավորություններ յուրաքանչյուրի համար»,-ասաց նա:



loading...