Արցախի ՄԻՊ-ն այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված քաղաքացիներին


Արցախի ՄԻՊ-ն այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված քաղաքացիներին
Մայիս 16 22:36 2021

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված և Վանք, Առաջաձոր,Չարեքտար համայնքներում ապաստանած քաղաքացիներին: 

 
 

«Տեղահանված բնակիչներին հուզող ամենաառաջնային հարցերի շրջանակը ընդգրկում է Արցախի անվտանգությանը, կանխատեսելի ապագային, տեղահանված բնակչությանը կացարաններով և աշխատանքով ապահովելու և սոցիալական խնդիրներին առնչվող հարցերը, որոնք համակարգված առաջարկների տեսքով ներկայացնելու եմ ոլորտային պատասխանատու մարմիններին։

Անմիջական զրույցներում վեր են հանվել սոցիալական և քաղաքացիների կենսապայմանների հետ կապված խնդիրներ, որոնք քաղաքացի-պետական կառավարման համակարգ կոորդինացված հարաբերությունների դեպքում հեշտությամբ կարող են ստանալ իրենց լուծումները։

Պետք է արձանագրենք նաև, որ տեղահանված բնակիչների կարիքներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն կա, որի ապահովման դեպքում պետական համակարգը առավել օպերատիվ և թիրախային կարող է գտնվել և այդպիսով  լուծումներ գտնել բազմաբնույթ հարցերի։ Որևէ պարագայում քաղաքացին միայնակ չպետք է մնա իրեն պատուհասած խնդիրների հետ։

 

Տեղահանված բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցությունը չպետք է ուշանա, որոհետև որոշ դեպքերում քաղաքացիները ապրում են այնպիսի դժվարին պայմաններում, որտեղ պահպանված չեն նվազագույն կենսապայմանները, անգամ անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ պայմանները:

Որպես խոցելի խմբի՝ տեղահանված բնակչության խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, նրանց հետ պարբերական հանդիպումները մեզ համար առաջնահերթություն են, քանի որ դա լավագույն մեթոդն է տեղում ծանոթանալու խնդիրներին, քննարկելու այս կամ այն խնդրի լուծման ուղիները և դրանք բարձրաձայնելու պետական և տեղական ինքնակառավարման  մարմինների առջև»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում: