Այսպիսի ղեկավարության հետ այդպես են վարվում. պատգամավորը՝ հակառակորդի կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ մտնելու մասին


Այսպիսի ղեկավարության հետ այդպես են վարվում. պատգամավորը՝ հակառակորդի կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ մտնելու մասին
Ապրիլ 8 20:16 2021

Զարմանալ պետք չի, որ ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտ են հասնում, որովհետեւ սահմանը մոտեցել է Ստեփանակերտին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նշենք, որ «wargonzo» նախագծի աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանցի 4 զինվորական շրջանցել է Շուշիի մերձակայքում գտնվող խաղաղապահների հենակետը եւ դուրս եկել դեպի Արցախի մայրաքաղաք տանող մայրուղի՝ տանկի հուշարձանի մոտ: Այնտեղ դիվերսանտները գրառումներ են արել ցուցանակների վրա եւ հեռացել։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ պատերազմից առաջ ադրբեջանցիները չէին հասնում Ստեփանակերտ, բայց սահմանին կից բնակավայրեր հասնում էին. «Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր էլի կլինեն։ Այսօր մեր իշխանությունների շնորհիվ պարտված ենք դարձել բոլորս։ Եթե պարտված իշխանություններն առ այսօր ղեկավարում են, այդ պարտվածի կարգավիճակով շարունակում են իրենց գոյությունը պահել, հետեւաբար այդպիսի ղեկավարության հետ այդպես են վարվում։ Սա ահաբեկչություն չի, իրենք մեզ պարզապես ձեռք են առնում»։

Արցախի պատգամավորը նշեց, որ ադրբեջանցիների այս քայլերը Արցախի եւ Հայաստանի իշխանությունների կողմից նախկինում արված հայտարարությունների հետեւանքներն են.

«Ժամանակին ասում էին՝ պատերազմ եք ուզում, պատերազմ էլ կստանաք կամ մեր օդը հարյուր տոկոս փակ է։ Իրականում դա ոչ թե պատասխան էր Ադրբեջանին, այլ այդ պոպուլիստական հայտարարություններով մարդկանց էին հանգստացնում։ Պատերազմի ընթացքում ուղղակի սուտ տեղեկություններ էին տարածում, երբ ինքս Ստեփանակերտում նստած տեսնում եմ, թե ինչպես է Շուշին հանձնվում, բայց ԶԼՄ-ները հայտարարում էին, որ մենք շուտով կհաղթենք։ Եթե այս իշխանությունները խոսեն, ապա միայն սուտ են ասելու, հակառակ դեպքում էլ իրենք տկար են։ Նորմալ է, որ պարտված իշխանությունն այսպես պահի իրեն, պարզապես նորմալ չէ, որ այդ պարտվածները դեռ իշխանության են»։

Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախի բնակիչներից որեւէ մեկը ներկայիս իշխանության հետ իրեն անվտանգ չի զգում. «Բնակիչները վախը սրտում են ապրում։ Այստեղ արդեն այն վիճակն է, որ որեւէ վստահություն չկա այս իշխանությունների հանդեպ։ Որեւէ մեկը չի մտածում, թե այս իշխանություններն ունակ են իրենց անվտանգությունը պահպանելու հարցում։ Միակ հանգստացնող բանը ռուս խաղաղապահների ներկայությունն է, որ մտածում են՝ ամեն դեպքում թույլ չեն տա այլ գործողությունների։ Որքան տեղյակ եմ, խաղաղապահները այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում, որ հետագայում բացառեն նման դեպքերը»։