Լինելու ենք նախագահի նստավայրում, ստորագրելու ենք հիշյալ պահանջը և հանձնելու ենք նախագահին․ Արա Զոհրաբյան


Լինելու ենք նախագահի նստավայրում, ստորագրելու ենք հիշյալ պահանջը և հանձնելու ենք նախագահին․ Արա Զոհրաբյան
Մարտ 9 00:10 2021

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ

2021թ. մարտի 9-ին ժամը 11:30-ին լինելու ենք Երևան, Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրում, ստորագրելու ենք հիշյալ պահանջը և հանձնելու ենք նախագահին:

Ցանկացողները կարող են միանալ:

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախագահին տրված է Սահմանադրության պահպանմանը հետևելու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով

Ինչպես գիտենք, առաջացել է վեճ սահմանադրական մարմինների՝ վարչապետի և ԶՈՒ գլխավոր շտաբի միջև:

Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի կողմից ներկայացված՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահի հրամանագրի նախագիծը վերադարձնելով, իր 27.02.2021թ. առարկություններում նշել է, որ «հրամանագիրը առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին»:

Այս պայմաններում առնվազն տարակուսելի է նախագահ Արմեն Սարգսյանի դրսևորած անգործությունը:

Ստեղծված իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանը վեճը պետք է ներկայացնի Սահմանադրական դատարանի քննությանը՝ ցույց տալով վեճերի լուծման քաղաքակիրթ ճանապարհը: Նախագահի կողմից անգործություն դրսևորելը կհանգեցնի Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտման, ինչի արդյունքում վեճի լուծման հարթակը կարող է դառնալ «փողոցը»:

Ինչպե՞ս է պատկերացնում Հանրապետության նախագահը, ի՞նչ պետք է անեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և բարձրաստիճան սպաները, երբ նույն նախագահն արձանագրել է սահմանադրականության խնդիրը, նշելով նաև, որ գլխավոր շտաբի պետի ազատումը կարող է «հանգեցնել զինվորական այդ խիստ պատասխանատու կառույցի բնականոն գործունեության էական խաթարմանը՝ դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով»: Արդյոք նախագահի կողմից ներկայացված այս համոզմունքներից հետո կեցվածք փոխելն ու անգործության ուղին ընտրելն ավելի չի խորացնելու ճգնաժամը:

Նախագահն իրավունք չունի անգործություն դրսևորելու: Նախագահին պետք է հիշեցնենք, որ Սահմանադրության 139-րդ հոդվածում նկարագրված անգործության հետևանքը, ոչ թե նախագահին տրված իրավունքի շրջանակում է, այլ՝ նախագահի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափելու կամ Սահմանադրության պահանջները խախտելու:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ՝

ԱՅՍՕՐ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

Ռոման Ռուստամի Գասպարյան

Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան

Զինավոր Շահենի Մեղրյան

Վահագն Ռուբենի Չախալյան

Վահագն Չախալյան

Արա Գագիկի Զոհրաբյան»։

 

 

 

 

 

 

   

 



loading...