«Տասնչորս օր կոմայի մեջ էր, 14 օր մեզ հույս տվեց». ոստիկան Միքայել Բաշոյանը մահացավ հիվանդանոցում` բեկորային վնասվածքից


«Տասնչորս օր կոմայի մեջ էր, 14 օր մեզ հույս տվեց». ոստիկան Միքայել Բաշոյանը մահացավ հիվանդանոցում` բեկորային վնասվածքից
Հունվար 28 19:57 2021

Միքայել Բաշոյանը հոր օրինակով ոստիկանության համակարգ էր ընդունվել 2002 թվականին։ Ծառայում էր ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկապահակետային ծառայությունում։ Մինչ այդ ծառայել էր բանակում. հրետանավոր էր եղել:
Պատերազմի առաջին օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնում խորհրդակցություն հրավիրվեց։ Քննարկվում էին ստեղծված իրավիճակում բաժնի գործողությունները:
«Միքայել Բաշոյանն ասաց, որ ցանկանում է մեկնել Արցախ։ Ավելի երիտասարդ ծառայողներից մեկը փորձեց համոզել, թե՝ դու մնա, երեք անչափահաս երեխաներ ունես, քո փոխարեն ես կգնամ։ Միքայելը հակադարձեց՝ ոչ, ես պետք է գնամ, բոլորս պետք է գնանք մեր հայրենիքը պաշտպանելու»,-ասաց գործընկերը՝ Գրիշա Ղարաջյանը։
Ինչպես ծառայության մեջ էր պատրաստակամ ու նվիրված, այդպես էլ հիմա՝ որոշեց ու ծառայակիցների հետ մեկնեց Արցախ։ Ճանապարհին քաջալերում էր ընկերներին, ասում էր՝ գնում ենք հաղթելու։

«Մեկնեցինք Շուշի քաղաք։ Իսկ հոկտեմբերի 4-ին այդ չարաբաստիկ դեպքը եղավ՝ պայթյունը։ Միքայել Բաշոյանը կողքիս էր։ Կորուստը շատ ցավագին է...»,-հիշեց գործընկերը՝ Տարոն Հարությունյանը։
Դեպքից հետո զանգել էին ու ծնողներին ասել, որ Միքայելը ծանր վիրավոր է, հիվանդանոցում է։

«Եկանք Էրեբունի հիվանդանոց։ Օպերատորը ասաց, որ նոր են ուղղաթիռով բերել, վերակենդանացման բաժանմունքում է։ Գնացինք, տեսա․․․ Չլիներ էդ օրը, որ տեսա...»,- հուզմունքը մի կերպ զսպելով՝ պատմեց հայրը՝ Սամվել Բաշոյանը։
«Տասնչորս օր կոմայի մեջ էր, 14 օր մեզ հույս տվեց։ Ամեն օր մտնում էինք մոտը, ինքներս մեզ հույս էինք տալիս, որ լավ կլինի, արդեն լավ է, պետք է, որ լավ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց մայրը՝ Սիլվա Հակոբյանը։


Ցավոք՝ հույսերը չարդարացան։ Միքայել Բաշոյանն այդպես էլ գիտակցության չեկավ ու մահացավ բեկորային վնասվածքից:
«Չափազանց շատ էր սիրում կյանքը։ Որպես զավակ, որպես հայր, որպես ամուսին՝ արտակարգ անձնավորություն».-սա էլ կնոջ խոսքն է։ Միքայելն ու Լարիսան ամուսնացել էին 2005-ին։ Երեք երեխա ունեն՝ Սիլվին, Սամվելն ու Ալեքսը։ Տունը առաջին հերթին նրանց համար էր նորոգում... Կիսատ մնաց...


Սիլվին ու Սամվելը լավ են հիշում հոր խոսքն ու խորհուրդները։ Իսկ փոքրիկ Ալեքսը դեռ շատ պատմություններ կլսի հոր՝ ոստիկան Միքայել Բաշոյանի մասին...



loading...