Ադրբեջանի իշխող կուսակցությունը բողոք-նամակ է ուղարկել «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը՝ Պետդումայի պատգամավորի հայտարարության առնչությամբ


Ադրբեջանի իշխող կուսակցությունը բողոք-նամակ է ուղարկել «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը՝ Պետդումայի պատգամավորի հայտարարության առնչությամբ
Հունվար 28 19:50 2021

Ադրբեջանի «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը նամակ է ուղարկել Ռուսաստանի «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը՝ բողոք հայտնելով Պետդումայի անդամ Վիտալի Միլոնովի հայտարարության առնչությամբ:

Ինչպես հայտնում են ադրբեջանալան լրատվամիջոցները, նամակում նշվում է, որ օրեր առաջ ՌԴ պատգամավորը հայկական և ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում «վիրավորական արտահայտություններ է արել ադրբեջանի ժողովրդի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ նույն հարցի պատճառով Ադրբեջանում ԱԳՆ էր կանչվել ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Ադրբեջանական կողմի զայրույթը հարուցել է Միլոնովի հայտարարությունը «Դիրքորոշում» հայկական հաղորդմանը տված հարցազրույցում, երբ վերջինս շեշտել է, որ «Ղարաբաղը հինավուրց հայկական հող է»:

Պատերազմի օրերին ՌԴ պատգամավորն այցելել էր Արցախ, որից հետո Ադրբեջանը նրան ներառել է «սև ցուցակում», որում ընդգրկված անձանց մուտքը երկիր արգելվում է: