Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը, ռուս խաղաղապահները պետք է կանխեն բախումները, սակայն այսօր անվտանգության երաշխավոր են. Ռոբերտ Քոչարյան


Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը, ռուս խաղաղապահները պետք է կանխեն բախումները, սակայն այսօր անվտանգության երաշխավոր են. Ռոբերտ Քոչարյան
Հունվար 28 00:38 2021

Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը, բանակը  պետք է փոխվի, քրտնաջան աշխատանքով նոր անվտանգության համակարգ պետք է ձևավորվի Արցախում:

Այս մասին այսօր երեք լրատվամիջոցներին` yerevan.today-ին, politik.am-ին և hayeli.am-ին  տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե Արցախի պետականությունը միայն ռուս խաղաղապահներն ապահովեն, ապա ի՞նչ պետականության մասին կարող ենք խոսել, ռուս խաղաղապահները պետք է ապահովեն խաղաղապահ առաքելություն, պետք է թույլ չտան բախումներ Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև, այսօր ոչ միայն այդ ֆունկցիան են կատարում, փաստացի իրենք այսօր անվտանգության երաշխավոր են»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:  

Ինչ վերաբերում է զոհերի թվին, հայկական կողմի կորուստները գաղտնի պահելուն, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ գաղտնիք պետք է լինի ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, թե ինչ ունենք, սակայն երբ ՀՀ-ի պետական գաղտնիքին ավելի լավ են տիրապետում Ադրբեջանն ու Թուրքիան, քան սեփական երկրի ՊՆ-ն, ապա ի՞նչ գաղտնիք:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն ունեցել է տարածաշրջանում մարտունակ բանակ, դա գործոն էր, հիմա ՀՀ-ն այնքան է թուլացել, որ յուրաքանչյուր հարևան երկիր այն կարող է գրավել.«Սա է փաստը, հիմա դուք գիտեք, թե ինչ կարգավիճակ է ստանում երկիրը, որը չի կարող պաշտպանվել: Այսօր մենք փաստացի Ռուսաստանի պրոտեկտորատն ենք տարածաշրջանում, որովհետև մեր անվտանգությունը պաշտպանում է Ռուսաստանը, բարեբախտաբար գոնե դա կա, ուրեմն այս իշխանությունը ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից մեզ դարձրել է այդ երկրի պրոտեկտորատը, և ճանակատագրի հեգնանքն այն է, որ դա արել են մարդիկ, որոնք ՌԴ դեսպանատան դիմաց ակցիաներ էին անում պահանջելով ՀՀ-ից հանել ռուսական ռազմաբազան»: