Օգտվելով ժողովրդի՝ լավ ապրելու ցանկությունից, մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը, քանդեց բանակն ու հասավ պատերազմի, որտեղ խայտառակ պարտություն կրեցինք. Վազգեն Մանուկյան


Օգտվելով ժողովրդի՝ լավ ապրելու ցանկությունից, մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը, քանդեց բանակն ու հասավ պատերազմի, որտեղ խայտառակ պարտություն կրեցինք. Վազգեն Մանուկյան
Հունվար 14 00:36 2021

«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ դեկտեմբերի 28-ի հարցազրույցը, որում Մանուկյանն անդրադարձել է պատերազմին, երկրում ստեղծված իրավիճակին և խոսել ապագայի քայլերի մասին: Ըստ նրա՝ ստեղծված սարսափելի իրավիճակի ողջ դառնությունն այն է, որ կարելի էր խուսափել այս ամենից:

«2.5 տարի առաջ օգտվելով ժողովրդի՝ լավ ապրելու ցանկություններից, մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունն ու երկիրը տարավ այլ ուղղությամբ, կամաց-կամաց քանդեց բանակն ու հասավ պատերազմի, որտեղ խայտառակ պարտություն կրեցինք»,- ասաց Մանուկյանն ու հավելեց, որ պատերազմը չի վերջացել, այն շարունակվում է Սյունիքում, մեր սահմաններին:

Վազգեն Մանուկյանը կարծում է, որ մեծ կամք դրսևորելու դեպքում հնարավոր է դուրս գալ ստեղծված իրավիճակից և կհաջողվի այս ուղղությամբ համախմբել բոլոր ուժերին:

Անդրադառնալով ժամանակավոր կառավարության գործունեությանը՝ Մանուկյանը նշեց, որ այն իր վրա է վերցնելու ամենածանր գործը, և հարվածների տակ պիտի իրականացնի իր քաղաքականությունը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջ քաշեց երեք քայլ, առանց որի հնարավոր չէ ապագա կառուցել: Ըստ նրա՝ առաջինն անվտանգությունն է, հարկավոր է վերականգնել բանակը, այն զինել նոր սպառազինություններով, ինչպես նաև մեկնաբանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և վերականգնել դաշնակիցների հետ հարաբերությունները:

Մանուկյանի դիտարկմամբ՝ երկրորդ խումբը տնտեսական, սոցիալական հարցերն են. «Պետք է հայթայթել ֆինանսական միջոցներ, թե ներսից, թե դրսից: Առանց ներդրումների երկիրը ոտքի կանգնեցնել հնարավոր չէ: Հարկավոր է սպառողական մեթոդներից անցնել ինվեստիցիոն մեթոդների, նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրողների համար»:

Ըստ նրա՝ երրորդ քայլը հասարակության առողջացումն է: «Մեր  հասարակության զարգացման ուղին պիտի լինի ազատության գաղափարը: Պետք է վերացվի ատելությունը և արտաքին ազդեցությունը. պետք է թույլ չտանք արտաքին աշխարհից գումարներ ստացողներին պղտորել մեր ուղեղները»,- ասաց Մանուկյանը: