Անհետ կորած զինվորի հայրը, ով ավտոմեքենայով մտել էր ՊՆ, ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. պաշտպան


Անհետ կորած զինվորի հայրը, ով ավտոմեքենայով մտել էր ՊՆ, ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. պաշտպան
Հունվար 13 19:50 2021

Անհետ կորած զինվորի հորը, ով ավտոմեքենայով մտել էր ՊՆ, մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ձերբակալումից ազատվել է քննիչի որոշումով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը:

Ստեփանյանը նշեց, որ մեղադրանքը առաջադրվել է այն հոդվածներով, ինչով որ քրեական գործը հարուցվել էր: Նշենք, որ ըստ ՊՆ ռազմական ոստիկանության տարածած հաղորդագրության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել էր քրեական գործ և Վարդանյանը ձերբակալվել էր:

«Նախաքննությունը դեռ շարուակվոմ է, մենք դեռ լիարժեք ցուցմունք չենք տվել, պետք է տանք»,- ասաց Ստեփանյանը:

Ավելի վաղ Կարեն Ստեփանյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ Գուրգեն Վարդնայանը որպես կասկածյալ ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում, ներկայացրել իր հոգեվիճակը, և թե ինչու է նման քայլ արել։

Հիշեցնենք, որ համաձայն ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության՝ հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև նա մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։