Լիլիթ Մակունցը չհերքեց, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու շուրջ քննարկում է եղել «Իմ քայլում»


Լիլիթ Մակունցը չհերքեց, որ Նիկոլ Փաշինյանին փոխարինելու շուրջ քննարկում է եղել «Իմ քայլում»
Հունվար 13 15:12 2021

Որպես ԱԺ պատգամավոր իմ առաջնահերթ խնդիրներից է նաեւ Սահմանադրության պահպանումը, եւ քաղաքացու կամարտահայտման ապահովումը. Մենք դրա հետ կապված ներկայացրել ենք այն ուղին, որը պատկերացնում ենք, որն է արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրին:

«Խորհրդարանական ընդդիմությունն իր  վերջնական տեսակետը կձեւավորի, մնացածն արդեն ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հայտարարությանը, թե ինքը «Իմ քայլի» ներսում առաջարկել է փոխել վարչապետին, եւ դրա շուրջ քննարկում է եղել, Մակունցն ասաց. «Ես այլ անձանց հայտարարությունները թույլ տվեք չմեկնաբանեմ, իսկ մեր ներքին քննարկումների հետ կապված այն, ինչ արդյունքունենք, ունենք այդ արդյունքը: Ես նպտակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումները այս պահին հրապարակել: Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ»:

Ճշտող հարցին, թե որն է եղել հիմնավորումը, որ որոշվել է վարչապետին փոխելու նախաձեռնությամբ հանդես չգալ, Մակունցը պատասխանեց. «Հիմնավորումն այն է եղել, որ իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով  չի կարելի առաջնորդվել: Հետեւաբար արտահերթ ընտրությունների առաջարկի օրակարգը կա եւ ըստ այդմ կշարժվենք առաջ»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ «Իմ քայլի» պատգամավորներին սպառնալիքներով, կոմպրոմատներով ստիպում են դուրս չգալ խմբակցությունից, Մակունցն ասաց. «Դուք «Իմ քայլից» դուրս եկած բոլոր պատգամավորների հետ հարցազրույց վարել եք, որեւէ պատգամավոր կաշկանդված չէ ներկայացնել այն ինչ եղել է եւ բնականաբար, իրենք ձեզ նման բան չեն ասել եւ չեն կարող ասել, քանի որ նման բան չկա: Ինչ վերաբերում է մանդատներ դնելուն կամ խմբակցությունից դուրս գալուն, նման խնդիր չկա այս պահին»: