Այժմ առավել ևս չպետք է երկրի ներսում թշնամի փնտրել. Ի․ Տոնոյանը՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին


Այժմ առավել ևս չպետք է երկրի ներսում թշնամի փնտրել. Ի․ Տոնոյանը՝ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին
Հոկտեմբեր 22 18:24 2020

Մենք չենք կորցնում մեր լավատեսությունը և հույս ունենք, որ դատական մարմինները, կոչված լինելով իրականացնել իրենց բուն առաքելությունը, կառաջնորդվեն բացառապես օրենքի տառով: Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն են ակնկալիքներն այսօրվա դատական նիստից:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության քննությունը: Այս պահին քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

«Տարբեր առիթներով հնարավորություն ունեցել ենք ասելու, որ քրեական գործը, որ հարուցված է Գագիկ Ծառուկյանի դեմ, բացի նրանից, որ բացարձակ զուրկ է որևէ իրավական հիմքից, նաև օրենսդրությամբ փաստվում է, որ նրան մեղսագրվող արարքի դեպքում որպես պատժամիջոց կիրառվում է տուգանքի տեսակը, սակայն Ծառուկյանը, շուրջ մեկ ամիս է՝ ապօրինի գտնվում է կալանքի տակ»,-ասաց նա՝ նշելով, թե սպասում են արդար քննության:

Տոնոյանը վերահաստատել է ԲՀԿ տեսակետը, որ սա բացառապես քաղաքական դրդապատճառներով սանձազերծված գործընթաց էր Գագիկ Ծառուկյանի հանդեպ. «Սակայն ուզում եմ հավատալ, որ իշխանությունները կկարողանան իրենց մեջ գտնել այնքան քաղաքական կամք, որ գոնե ստեղծված իրավիճակում զերծ կմնան քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու գայթակղությունից»,-նշել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ այսօր մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ներքաղաքական հաշվեհարդարները, տարաձայնությունները պետք է դառնան հարյուրերորդական: «Այսօր ՀՀ-ն ու Արցախը ունեն պայքարի մեկ խրամատ: Անկախ բոլոր այս հանգամանքներից՝ երկրի ներսում ի սկզբանե չպետք է փնտրեին թշնամիներ, հիմա առավել ևս ստեղծված իրավիճակում պետք չէ երկրի ներսում փնտրել թշնամիներ»,-ասել է Տոնոյանը:

Տոնոյանն ասել է նաև, որ այս ընթացքում Գագիկ Ծառուկյանի և պաշտպանների ու թիմակիցների միջև եղած հանդիպումների ընթացքում քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը. «Անգամ փաստաբանների հետ հանդիպմանը քրեական գործին անդրադարձ է կատարվել ժամանակահատվածի ընդամենը 5 տոկոսի չափով: Մնացած ընթացքում Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանին»։

Պատգամավորի խոսքով՝ Ծառուկյանը, նրա ընտանիքը, բարեգործական հիմնադրամը, բազմաթիվ ընկերություններ այս ընթացքում տարբեր տեսակի օժանդակություն են ցուցաբերել բանակին, սակայն անազատության մեջ գտնվելու պատճառով Ծառուկյանը սահմանափակված է եղել իր օգնությունն ու աջակցությունը լիովին ցուցաբերել: «Կարող եմ վստահաբար ասել, որ Գագիկ Ծառուկյանն իր ունեցած միջազգային կապերով, հնարավորություններով, ռեսուրսներով լինելու է Արցախի և Հայաստանի կողքին: Նա ունի շատ լուրջ միջազգային կապեր, որոնք օգտագործելու է ի շահ ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանը և սահմանների ամրությանը»,-ասել է Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար։ Նա կալանավորված է սեպտեմբերի 25-ից:



loading...