Շրջափակման մեջ՝ Թևանիկի դերակատարը զանգել է եղբորը. ինչ մանրամասներ է հայտնում Հովհաննես Խոդերյանի եղբայրը (տեսանյութ, լուսանկարներ)


Շրջափակման մեջ՝ Թևանիկի դերակատարը զանգել է եղբորը. ինչ մանրամասներ է հայտնում Հովհաննես Խոդերյանի եղբայրը (տեսանյութ, լուսանկարներ)
Հոկտեմբեր 21 10:00 2020

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Հովհաննեսի եղբայրը՝ Կարեն Մկրտչյանը:
«Շատ խելացի, համեստ երեխա էր: Հովոս 22 տարեկան էր, 2 տարի էր, ինչ ավարտել էր ժամկետային զինծառայությունը»,- ասաց Կարենը:

Վերջինս հայտնեց, որ  երկու եղբայր տարբեր ժամանակահատվածներում են կամավորագրվել. «Միջնեկ եղբայրս ավելի վաղ էր մեկնել առաջնագիծ՝ հոկտեմբերի 4-ին, իսկ փոքրս՝ ամսի 12-ին: Այնպես ստացվեց, որ միջնեկ եղբայրս ուրիշ տեղ ընկավ, փոքրը՝ ուրիշ, բայց միջնեկ եղբայրս գնաց Հովոյիս մոտ, որ միասին լինեն»,- նշեց Հովհաննեսի եղբայրը:

Կարենը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ երկու եղբայր միասին են ընկել շրջափակման մեջ. «Երեխեն, երբ ինձ զանգեց, ասեց, որ շրջափակման մեջ են, ես արդեն գիտեի՝ ինչ է կատարվելու: Սկզբում Հովհաննեսը վիրավոր էր, ընկերը օգնեց, մի փոքր իջեցրեց Հովհաննեսին, բայց հետո, երբ իրեն էլ վիրավորեցին, ինքը գլորվեց, էլ չկարողացավ օգնություն ցույց տալ Հովհաննեսին»,- ասաց նա:

 

Հովհաննեսի բջջայինը ներկա պահին գտնվում է Կարենի մոտ, ինչի շնորհիվ էլ նա կարողացել է տեսնել եղբոր վերջին տեսանյութը. «Եղբորս բջջայինը մնացել էր իր վիրավոր ընկերոջ մոտ ու երբ հանդիպեցինք, այն փոխանցեց ինձ: Այդ հեռախոսի մեջ մի տեսանյութ կար, որը նկարվել էր դեպքից կես ժամ առաջ: Տեսանյութում երկու եղբայրներս են, միջնեկիս հաջողվել է, փրկվել, բայց Հովհաննեսիս՝ ոչ: Այդ տեսանյութում իրենք, կարծես, իրենց հրաժեշտի խոսքն են ասում»,- եզրափակեց Կարեն Մկրտչյանը:

 
 
 
 
 

 

 
 
 
 
 
 

 



loading...