Իրավապաշտպան համայնքը պետք է այցելի Արցախ՝ ներկայացնելով օբյեկտիվ և համակողմանի զեկույցներ․ Արտակ Բեգլարյան


Իրավապաշտպան համայնքը պետք է այցելի Արցախ՝ ներկայացնելով օբյեկտիվ և համակողմանի զեկույցներ․ Արտակ Բեգլարյան
Հոկտեմբեր 17 21:57 2020

Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պատերազմական հանցագործությունների կանխարգելման աշխատանքները պետք է առաջին հերթին ներառեն պատժամիջոցներ այդ երկու երկրների հանդեպ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Հիմքերը բազմաթիվ են, որ մասսայական հանցագործություններ են կատարվել եւ կատարվում քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների նկատմամբ: Երկրորդ քայլը պետք է լինի իրավապաշտպան համայնքի, նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների օր առաջ այցելումը, փաստահավաք առաքելությունների կազմակերպումը Արցախ, որպեսզի իրենք տեսնեն, թե տեղում ինչ է կատարվում, օբյեկտիվ զեկույցներ ներկայացնեն միջազգային հանրությանը: Եվ երրորդը, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը եւ մեր վաղուց իրացված ինքնորոշման իրավունքը: Սա կարող է լրացուցիչ զսպիչ միջոց դառնալ հետագա իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ: Նաեւ պետք է դառնա փոխհատուցման միջոց մեր կրած զրկանքների համար»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նաեւ ընդգծեց, որ Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախավորման հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ լքել են իրենց տները. մի մասը ապաստանել է կամ ավելի  անվտանգ բնակավայրերում, կամ Հայաստանում: Նա հավելեց, որ միջազգային հանրությունը ձախողվում է իր պարտականությունների կատարման հարցում: