Այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խելքի եկեք.Կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս. Արայիկ Հարությունյանի ելույթը


Այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խելքի եկեք.Կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս. Արայիկ Հարությունյանի ելույթը
Սեպտեմբեր 27 11:53 2020

Քանի օր է Ադրբեջանի քաղաքական էլիտան տարբեր ձեւաչափերով աշխարհին նախապատրաստում է պատերազմի: Այս մասին Արցախի ԱԺ արտահեր նիստում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Տարբեր շեշտադրումները կապված իբր Սիրիայից կամ այլ երկրներից քուրդ կամ այլ վարձկաններ կան Արցախում, այսինքն նրանք հայտարարում են, որ իբր մենք անում ենք այն, ինչ իրենք անում են: Այո, մենք ունենք ինֆորմացիա, որ վերջին մի քանի օրերին տարբեր ինքնաթիռներով Թուրքիայից եւ այլ երկրներից կամավորականներ ասենք, թե վարձկաններ, տեղափոխվել են Ադրբեջան: Արդեն երկար ժամանակ է՝ Թուրքիայի բանակը փաստացի գտնվում է Ադրբեջանում՝ զորավարժության անվան տակ, բայց մենք հասկանում ենք, թե նպատակը որն է եղել:

Արդեն մի քանի օր է՝ համատարած մոբիլիզացիա են սկսել: Իհարկե, ներկայացնելով կեղծ օրակարգ, թե իբր Հայաստանը պատրաստվում է պատերազմի: Ուզում եմ ասել, որ մենք միշտ պատրաստվել ենք պատերազմի, բայց պատերազմի կողմնակից չենք: Աշխարհում ամենաշատը խաղաղություն Արցախում են ուզում: Մենք նշել ենք, որ ցանկացած պատերազմ սկսվելու պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի իշխանությունը ոչ միայն այսօր, վաղը եւ ապագայում:Ամեն մի զոհի համար պատասխան են տալու:

Ցավում եմ, մենք ունենք արդեն կորուստներ: Ինչպես 2016-ին, Մարտունիում ունենք երեխայի կորուստ»,-ասաց Արայիկ Հարությունյանը եւ կոչ արեց ներկաներին լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

«Մենք չենք ուզել պատերազմ, մեզ պարտադրել են չհայտարարված պատերազմ, բայց հայտարարված պատերազմ, քանի որ արդեն ամիսներ շարունակ հայտարարում են:

Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների, այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խելքի եկեք: Այն հումանիտար աղետը, որ սպասում է այս տարածաշրջանում, ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիեւը եւ իր սերունդները»,-ընդգծեց Արցախի նախագահը:

Նա ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ վաղ առավոտից լայնածավալ հրթիռակոծություն, հրետանակոծություն, օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած ինչ կա-չկա համարյա: Անօդաչու սարքեր, ինֆորմացիա ունենք, որ ուղղաթիռներ, ինքնաթիռներ եւս առաջնագծում եղել է: Մենք ունենք քաղաքացիական շրջնում զոհեր, տասնյակ վիրավորները:

Ռազմական դրության պայմաններում ես մի քանի րոպե հետո ստորագրելու եմ համարատած զորահավաք եւ ամբողջ ազգին կոչ եմ անում համախմբվել Արցախի ու ՀՀ իշխանությունների շուրջ: Կոչ եմ անում Սփյուռքին բոլոր ոլորտներում պայքար սկսել ագրեսոր, մարդասպան Ադրբեջանի իշխանության դեմ: Պատերազմ հայտարարել ոչ թե Ստեփանակերտում, առաջնագծում, այլ ամբողջ աշխարհով մեկ, բայց այդ պատերազմը խաղաղ ադրբեջանցու դեմ չէ: Ես կոչ եմ անում  ՀՀ-ից դուրս ապրող մեր հայրենակիցներին, որ ադրբեջանցի քաղաքացիները մեղք չունեն, իրենց համար ազգադավ, ազգակործան, թալանչի մարդասպան իշխանության համար:

Մենք համոզված ենք, որ Ադրբեջանի իշխանություններից բացի Ադրբեջանն ունենալու է առողջ մտածելակերպ ունեցող էլիտա եւ զինվորականներ, որոնք կասեցնելու են սպասվող հումանիտար աղետը: Չեն հաշվարկել, թե արդյունքներն ինչ են լինելու, բայց պատասխանը ստանալու են: Ստանալու են, որովհետեւ մենք արդար ենք, մենք խաղաղություն ենք ուզում, բայց պատրաստ ենք ազգով, մեր կյանքով պաշտպանել մեր հայրենիքը:

Ուզում եմ, որ այս ԱԺ-ն իր աջակցությունը հայտնի մեր հասարակությանը, մեր բանակին: Մենքայնպես կանենք, որ մասնակից լինեք պրոցեսներին:

Կոչով դիմում եմ  իմ հայրենակիցներին, խուճապ թող չլինի: Խնդրում եմ սահմանափակել տեղաշարժը, շարժվել խիստ անհրաժեշտության դեպքում, որովհետեւ ճանապարհներն էլ են վերցրել նշանառության տակ: Առաջնորդվել միայն իշխանության կողմից տրված ցուցումներով, հրպարակել միայն միայն իշխանության կողմից տրված տեղեկատվությունը: Խուճապը պարտություն է: Փառք Աստծո բանակում չկա խուճակ, հասարակության առողջ խմբերի մեջ չկա  խուճապ: Կենաց մահու պատերազմ է,  եւ կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս: 17 տարեկանից սկսած մինչեւ վերջ: Ազգովի պատերազմ ենք մղելու եւ ազգովի հաղթելու ենք: Առողջ քաղաքական աշխարհը մեզ հետ է լինելու, որովհետեւ դա են պահանջում մարդասիրության կանոնները: Մենք արդար ենք, մենք պատերազմ չենք հրահրել, մենք երեխա չենք սպանել: Մենք խաղաղ բնակչին չենք վիրավորել, խաղաղ բնակավայրերի վրա չենք կրակել»,-ասաց նա: