Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ


Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ
Օգոստոս 7 16:07 2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտություն կա նման հանդիպումները դարձնելու պարբերական՝ հաշվի առնելով թե՛ տնտեսությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունները, թե՛ համավարակի հետևանքները հաղթահարելու համատեղ գործողությունները քննարկելու համար: Արարատ Միրզոյանը նշել է, որ ակնկալում է գործարարների հետ ունենալ անկեղծ և բաց խոսակցություն գրանցված նվաճումների, ինչպես նաև առկա բացթողումների վերաբերյալ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման համար ամենակարևոր արդյունքը, որը պետք է արձանագրել, ազատ շուկայական հարաբերությունների հաստատումն է:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկն ընդունելու համար՝ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին փաստել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել է ազատ մրցակցային դաշտ և երկրում առկա է օրինականության բարձր աստիճան, ինչը թույլ տվեց նաև նվազեցնել համավարակի ընթացքում ստեղծված վնասները: Միության նախագահը նաև նշել է, որ համավարակը թույլ տվեց բացահայտել բիզնեսի և հանրային կառավարման ոլորտներում առկա թերությունները:

Կողմերի միջև ծավալվել է արդյունավետ շահագրգիռ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքներում ներգրավել նաև գործարար համայնքի փորձագիտական ներուժը:



loading...