Երվանդ Խունդկարյանը ինձ համար նույն Մկրտումյան Արմանն է. փաստաբան


Երվանդ Խունդկարյանը ինձ համար նույն Մկրտումյան Արմանն է. փաստաբան
Օգոստոս 1 20:57 2020

Իմքայլական պատգամավորները գոնե ֆորմալ առումով որեւէ առնչություն չունեն Երվանդ Խունդկարյանի առաջադրման հետ: NEWS.am-ի հետ նման կարծիք հայտնեց փաստաբան Գեւորգ Գյոզալյանը` անդրադառնալով երեկ դատավորների ժողովում Երվանդ Խունդկարյանի ՍԴ դատավորի թեկնածու է ընտրելուն:

«Ենթադրվում է, որ դատական համակարգն է առաջադրել, եթե իհարկե ինչ-որ ստվերային համաձայնություններ չեն եղել: Իսկ Խունդկարյանի անձին անդրադառնալով կարող եմ ասել, որ նա ինձ համար նույն Մկրտումյան Արմանն է, ճիշտն ասած, որի հետ կապված մենք փաստաբաններով ցույցեր ու բողոքի ակցիաներ ենք արել, հայտարարություններ ենք տարածել:  Այսինքն եթե մենք դժգոհ ենք Մկրտումյան Արմանից, բնականաբար մենք չենք կարող գոհ լինել Երվանդ Խունդկարյանից: Եւ եթե օրինակ համեմատենք Մկրտումյան Արմանին Խունդկարյան Երվանդի հետ, ես ինչ-որ  մի տեղ կարող է նախապատվություն տամ Մկրտումյան Արմանին որպես պրոֆեսիոնալ»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նկատում է, որ եթե խորհրդարանը ընտրի Խունդկարյանին որպես ՍԴ դատավոր, ապա  նշանակում է, որ դատական համակարգում շարունակելու է իշխել «նախկին փիլիսոփայությունը» եւ ոչինչ չի փոխվել:

«Եթե Խունդկարյան Երվանդը գնաց Սահմանադրական դատարան, ապա, այո, կարող ենք փաստել, որ իշխող ուժը կամ դավաճանել է իր կողմից հռչակած արժեքներին, կամ լավ չի պատկերացնում` թե ինչ է կատարվում»,-ասաց նա:

Փաստաբանը նաեւ որոշ տեղեկություններ ուներ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների հետ կապված եւ պաշտոնական մեկնաբանության էր սպասում այդ առնչությամբ:

«Եթե այս խնդիրը եղավ եւ համապատասխանի լուրը իրականությանը ապա կնշանակի, որ երրորդ իշխանությունը կեղծիքներ է  կատարում, ապա կարելի է պատկերացնել` այս մարդիկ մարդկանց վեճերն են քննում, խնդիրներ են լուծում, սա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն իրավական հանրույթի համար այլեւ իշխանությունների համար»,-ասաց  նա` նշելով, որ ընտրող դատավորների եւ քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջեւ եղել է տարբերություն`քվեաթերթիկները շատ են եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայներ է հավաքել։



loading...