Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան


Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան
Հուլիս 4 12:46 2020

ԲՀԿ առաջնորդ, կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա տնային  պայմաններում բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Էմին Խաչատրյանը:

«Նա տանը կաթիլային է ստանում, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Մի քանի օր ջեմել է 37.1 հետո 37.3 հիմա լավ է իրեն զգում, չի ջերմում: Թոքաբորբի նշաններ կան մոտը: Նա իր առանձնատանը մեկուսացել է, ավելի շատ վախենում է 88-ամյա մոր եւ 92-ամյա հոր համար»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ երեքշաբթի դատական նիստ է նշանակված Վերաքննիչում, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա առանց Ծառուկյանի մասնակցության, հետագայում արդեն կքննարկեն Ծառուկյանի մասնակցության ըստ նրա առողջական վիճակի:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարակվելու մասին լուրը հայտնի էր դարձել հունիսի 30-ին: Ծառուկյանի ավագ որդին նույնպես վարակված է կորոնավիրուսով:

 Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։