Վանի թագավորությունում ուրարտական քաղաքի տաճարից մի հատված գտնվում է Լուվրի թանգարանում


Վանի թագավորությունում ուրարտական քաղաքի տաճարից մի հատված գտնվում է Լուվրի թանգարանում
Ապրիլ 23 13:22 2020

Նկարիչ Սուքիաս Թորոսյանը տեղեկացնում է .

«Մուսասիր (Արդինի, Մուծածիր, Արդա աստծո քաղաք, Մուզասիր), ուրարտական քաղաք Վանի թագավորությունում, տեղակայված էր Մեծ Զաբ գետի ափին, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Մուսասիր երկրամասում:

Առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 879 թվականին, Ասորեստանի թագավոր Աշուրնասիրպալ Բ-ի (մ․թ․ա․ 883-859) Նեմրութ լեռան տարածքում թողած սեպագիր արձանագրությունում: Թողնվել է նաև պատկեր տաճարի վերաբերյալ, որ խառնում է բոլոր պատկերացումները հունահռոմեական ճարտարապետության ոճի մասին:

 

Փորձեցի գտնել հարթաքանդակը, բայց չգտա, այն երևի ոչնչացվել է:Գտա վերին ձախ անկյան մի պատառիկ որ գտնվում է Լուվրի թանգարանում /Ասորական բաժնում/:Մնանք տանը, շատ բան կիմանանք…..»

Հիշատակենք , որ Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա:

Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):

Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: