Google որոնողական համակարգը գլխավոր էջում «տեսանյութ» է տեղադրել՝ ցույց տալով, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ ձեռքերը, գրում է korrespondent.net կայքը։
Տեսանյութում ասեպտիկայի հիմնադիր, հունգարացի բժիշկ-մանկաբարձ Իգնաց Զեմելվեյսը վայրկյանացույց է հանում և մեկնարկ տալիս, որից հետո ցուցադրվում է ձեռքերի՝ փուլ առ փուլ լվացման կանոնները։
Կարելի է համարել, որ բժշկության մեջ հենց Իգնաց Զեմելվեյսն է սկիզբ դրել ձեռքերի ճիշտ լվացման պրակտիկային․ մասնագետն առաջիններից մեկն է հասկացել, որ բժշկի ձեռքերի մաքրությունը մեծ ազդեցություն է ունենում հիվանդի վիճակի և նրա կյանքի վրա։
Այս օրերին ձեռքերի լավ լվացումը կորոնավիրուսից պաշտպանվելու և դրա տարածումը կանխարգելելու ամենաարդյունավետ եղանակներից մեկն է համարվում։ ԱՀԿ–ն իր հերթին կոչ է անում հաճախ լվանալ ձեռքերը և ախտահանել դրանք ալկոհոլային հիմքով նյութերով։
Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը: Այս են վկայում համապատասխան հաշվարկներ իրականացնող Ջոն Հոփքինսի անվան համալսարանի թարմ տվյալները: Ըստ այդմ՝ զոհերի թիվը հասել է 10 031-ի: Աշխարհում գրանցվել է ախտահարման 245 484 հաստատված դեպք, որից 86 035-ն ապաքինվել է:










