Քննարկվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինվորին փոխհատուցում տալու նախագիծը


Քննարկվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինվորին փոխհատուցում տալու նախագիծը
Մարտ 3 10:00 2020

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

 

 

Նա նախ հիշեցրեց, թե խոստացել էին, որ հանդես են գալու այս նախաձեռնությամբ:  «Առաջարկվում է, որ հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք իրականացնելու ժամանակ այն զինծառայողները, որոնք վիրավորումը կամ կյանքի հետ անհամատեղելի վնասը ստացել են անմիջականորեն շփման գծում,  այլ նաև ցանկանում ենք ներառել հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կյանքին կամ  առողջությանը հասցված վնասի դեպքերը»,-ասաց Բալայանը:

 

Այսինքն, եթե  զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից նախաձեռնած գործողության հետևանքով, ձեռք է բերել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն,  կներառվի շահառուների ցանկում և կստանա հատուցում: Նա կներառվի շահառուների ցանկում՝ անկախ այն հանգամանքից, թե վնասը ստացել է մարտական հերթապահության ժամանակ, հատուկ առաջադրանք կատարելու արդյունքում, թե ոչ:

 

Պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին՝ Բալայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ պետբյուջեից հատկացումներ չեն լինելու դրա համար, հատկացումները կլինեն բացառապես հիմնադրամից, այսինքն՝ հասարակության, աշխատող քաղաքացիների հաշվին: Նա նաև տեղեկացրեց, որ օրենքի շրջանակներից դուրս քննարկում են հատուցման գումարի չափը բարձրացնելու հարցը: Ունեն վարչապետի հանձնարարականը:

 

2017թ. հունվարի 1-ից հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: